ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մեղրիում ստորագրահավաք է սկսվել հանքարդյունաբերության դեմ. շուտով հանրագիր կներկայացվի վարչապետին. ՀԲՃ
18:30, 17.05.2018 | mamul.am
7745 | 2

meghrinews.com կայքը տեղեկացնում է, որ պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Սկսվել է նաև ստորագրահավաք։

Հանրագրում ասված է հետևյալը․

«Մենք՝ Մեղրի համայնքի բնակիչներ ներքոստրագրյալներս, ներկայացնում ենք սույն հանրագիրը.

1. Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական և նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու վերաբերյալ։

Սույն հանրագրի ներկայացման համար հիմք են հանդիսացել հետևյալ դրույթները․

1) ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Իսկ ժողովրդավարական պետությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական և հանրային գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրությանը և հանրության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը։

2) ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Հանրապետությունում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Ժողովուրդը որևէ մեկի հետ չի կիսում իրեն պատկանող իշխանությունը՝ հանրային-քաղաքական համակարգը, և օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Հետևաբար՝ չկա իշխանություն, որը չի բխում ժողովրդից։

3) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»։ Սահմանադրական սույն սկզբունքը սերտորեն և անխզելիորեն կապված է անձի առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հետ։ Սույն իրավունքը անձի հիմնարար իրավունք է, քանի որ շոշափում է անձի հիմնական իրավունքները, նաև կոնկրետ պարտավորություն է իրենից ներկայացնում։ Բարեկեցիկ շրջակա միջավայրը նպաստում է արժանապատիվ և առողջ կյանք ունենալուն։

5) ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համայնքն ունի հողի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության իրավունք»։

6) ՀՀ-ի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրությունը կոնկրետ գործունեության տեսակների պարագայում մասնակցում է որոշումների կայացման գործընթացին։

7) Ֆադեևան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ մետալուրգիական կոմբինատի շահագործումը վտանգ է սպառնում անձի կյանքին և առողջությանը և նշել է, որ տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում։

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ընդամենը 665 քկմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում, մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում և պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս նոր հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան և ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության և այլ հարակից բնագավառների զարգացման մեջ:

2. Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում և պահանջում ենք՝ հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնելու և փորձաքննություն նշանակելու պահանջով: Նշենք նաև, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու ըստ էության անտեսել ակնհայտ փաստերը։

Տվյալ պահանջի հիմք են հանդիսանում հետևյալ հանգամանքները.

1) Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:

2) Հանքավայրը գտնվում է Արևիկ ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:

3)Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաև գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

4)Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը,

5) Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը:

3. Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Խնդրում և պահանջում ենք դիմել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ կիրառել խիստ վերահսկողություն»:

Բնակիչները նախատեսում են նաև բողոքի ակցիա իրականացնել Լիճքի հանքի տարածքում, որի մասին տարածվել է հետևյալ հայտարարությունը. «Սույն թվականի մայիսի 18-ին առավոտյան ժամը 7:30-ին հավաքվել Մեղրու մշակույթի պալատի մոտ, որտեղից էլ կմեկնարկի երթը դեպի Լիճքի հանք»:

Մեղրի հանքերի խնդիրներին ավելի լավ ծանոթանալու համար դիտեք նաև15 րոպե տևողությամբ «Լիճքի հանք․ տեսլականից զուրկ պետություն» տեսաֆիլմը:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր