ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Այս տարվա բյուջեով ԱՅԲ-ին հատկացվել է 619.693 մլն դրամ, այնինչ կրթության ազգային ինստիտուտի բյուջեն 637,574,500 միլիոն է, որը սպասարկում է 1383 դպրոց». Գայանե Աբրահամյան
01:10, 28.05.2018 | mamul.am
65133 | 2

Վերջին օրերին ԱՅԲ-ի շուրջ հնչող կարծիքները, տեղեկատվության նենգափոխումն այդ խնդիրներից մի քիչ տեղյակ մարդու պարզապես հունից հանում են ... Որևէ մեկը չի խոսում ԱՅԲ դպրոցի դեմ, որևէ մեկն այդ դպրոցում աուդիտ չի անում, վերստուգվում է բացառապես ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ Կրթության գերազանցության ազգային ծրագրին տրված միլիոնավոր դոլարների ծախսն, ի դեպ, ծրագիրն ընդունվել և հաստատվել էր առանց լիարժեք հանրային քննարկումների և որպես կրթության զարգացման ծրագրային բաղադրիչ լրջորեն հակասում էր ՀՀ սոցիալական պետության սոցիալական արդարության, կրթության համաչափ զարգացման ու մատչելիության հիմնարար սկզբունքներին:

2014-ից ի վեր, շուրջ 4.5 մլն դոլար է տրվել ՀՀ Պետական բյուջեից ԱՅԲ հիմնադրամին՝ իրականացնելու գերազանցության ծրագիրը, ՄԻԱՅՆ 246 212 631 մլն դրամ -- 512 000 դոլար, վճարվել է ԿԳԱԾ ադմինիստրատիվ և գրասենյակային կառավարման և տեխնիկայի ձեռբերման համար:

Սա այն դեպքում, երբ Հայաստանում հանրակրթական դպրոցների առնվազն 38 տոկոսը ջեռուցման համակարգ չունի, իսկ 8 տոկոսը չունի կոյուղի, զուգարան ընդհանրապես, մենք թույլ ենք տվել ծախսել կես միլիոն դոլար, որպեսզի ոմանք վայելեն իրենց գրասենյակներն ու բարձր աշխատավարձերը... Ի դեպ, սրան ի պատասխան Տեր Մեսրոպն ասում էր, որ այո՛, չպետք է խնայել, մենք սովոր ենք ամեն ինչ էժանագին անել, ծախսերը կրճատել և այլն... Ստացվում է, որ խնայում ենք բացառապես մեր երեխաների առողջության, մարզերի աշակերտների ու ուսուցիչների վրա, իսկ էլիտարները պետք է միայն վայելեն:

Այս տարվա բյուջեով հատկացվել է 619.693 մլն դրամ, համեմատության համար ասեմ, որ օրինակ կրթության ազգային ինստիտուտի բյուջեն 637,574,500 միլիոն է, որը սպասարկում է 1383 դպրոց և այդքան դպրոցի ուսուցիչ, սպասարկում է նաև EHEA-ն Բարձրագույն կրթության եվրոպական տարածք, նաև սպասարկում է նախնական և միջին մասնագիտական կրթությունն, իսկ ԱՅԲ հիմնադրամը գերազանցության ծրագրի համար ստանում է 619,693,500 մլն դրամ՝ սպասարկելով 20 դպրոց, այն էլ դեռ չսկսված ծրագրի համար...

Թե ինչ է իրականացվել 4.5 մլն դոլարով, հայտնի չէ, հաշվետվությունները քիչ բան են ասում, նախորդ տարի իրականացվել է մրցույթ, ընտրվել են 20 դպրոց, վերապատրաստվել են 110 ուսուցիչներ, վերապատրաստման որակը դեռ հայտնի չէ... Առայժմ կարծես այսքանը:

Ինչ էր նախատեսված անել գերազանցության ծրագրով. շատ կարճ ծրագրի միայն մեխանիզմի մասին՝ քննության միջոցով ընտրել աշակերտների, լավագույններին հավաքել նույն դպրոցների, կահավորված ու հոյակապ պայմաններով ապահովված այլ դասարանում, պարզ ասած՝ ՍՈՐՏԱՎՈՐԵԼ աշակերտներին, սորտավորել նաև ուսուցիչներին, որոնք կստանան 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց գործընկերները և այդ ԸՆՏՐՅԱԼներին տալ ավելի լավ կրթություն, քան համայնքներում առկա կրթության որակն է:

Սա նշանակում է, որ նախ այս «Գերազանցության» հնարավորությունից կկարողանան օգտվել բացառապես այն երեխաները, որոնք մինչ այդ փոքր-ինչ նորմալ կրթություն են ստացել, իսկ վիճակագրական տվյալները փաստում են, որ աղքատ ընտանիքների երեխաներն ուղղակի դրանից զրկված կլինեն, այսպես կոչված «թույլ» երեխաների դասարաններն ավելի թույլ կդառնան, կրթական միջավայրը դպրոցում ամբողջովին կփոխվի ու կխեղաթյուրվի և այլն...

Գերազանցության նման մոդելներ կիրառվել են տարբեր երկրներում և դրանք կա՛մ ձախողվել են, կա՛մ պահանջվել է կրկնակի ավել գումար ներդնել մյուս, սովորական դպրոցներում, որպեսզի չխախտվի համաչափ զարգացման սկզբունքն, իսկ Հայաստանում համաչափ զարգացման և ՈՐԱԿՅԱԼ կրթության հասանելիության մասին խոսելն անիմաստ է, եթե ամենավստահելի ԹԻՄՍ ստուգատեսի տվյալներով 4-րդ դասարանի երեխաների 42 տոկոսը մաթեմատիկայի քննությունը չի հաղթահարել, իսկ 29 տոկոսը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ շեմը չի հաղթահարել, իսկ մենք 4.5 մլն դոլար մսխում ենք էլիտարության և սոցիալական անարդարության խորացման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր