«Եթե հուլիսի 16-ին երեք խմբակցություններով թեկնածու չառաջադրենք, հիմք է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին: Չենք բացառում, որ իրենք առաջադրեն ու քանի որ իրենց ձայները շատ են, նորից ՀՀԿ-ական քաղաքապետ ունենանք, ու ավագանին չլուծարվի: Եկեք սպասենք, հետո նոր կտեսնենք՝ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ արհեստական սնուցմամբ ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել իր կյանքը: «Եթե հուլիսի 16-ին ՀՀԿ-ն իր կազմից թեկնածու ընտրի, կնշանակի՝ որոշել են իրենց վիճակը բարդացնել: Ինչ էլ լինի՝ սրանով ՀՀԿ-ն վնասելու է ոչ թե մեզ, այլ՝ պետությանն ու քաղաքին, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծվում է նպատակային նշանակված օրով, անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում»,- շարունակել է «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել հուլիսի 16-ին: «Ելք»-ի՝ օգոստոսի 8-ի առաջարկը ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժել է: |