ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանում քրեական հեղինակությունները հանգիստ էին ապրում, սակայն նոր իշխանություններն իրենց կանոններն ունեն». Lenta.ru
20:00, 22.07.2018 | mamul.am
29921 | 5

Հայաստանում իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո սկսվեցին քրեական հեղինակությունների շրջանում հետախուզությունները, գրում է Lenta.ru-ն: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին, և ուղիղ 10 օր անց ոստիկաններն այցելեցին «օրենքով գողերին» և կանչեցին զրույցի: Զրույցների բովանդակությունը, ինչպես նշում է կայքը, հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, «օրենքով գողերին» բացատրել են, որ նոր Հայաստանում պետք է հաշվի առնեն քրեական, այլ ոչ թե գողական օրենսգիրքը: Մի քանի օր անց «սխոդկա» տեղի ունեցավ: Ամենայն հավանականությամբ, զրույցները պատշաճ արդյունք չտվեցին. հունիսի 20-ին ոստիկանությունը կրկին «բարեկիրթ այցեր» կազմակերպեց քրեական հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Այցելեցին Անդրանիկ Սողոյանին (Զապ Լենինականսկի), Նորայր Փիլոյանին (Քոնչո), Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանին (Անդո Խրոմոյ), Ալեքսանդր Մակարյանին (Ալո) և այլոց: Ոստիկանությունը կրկին տեսանյութ հրապարակեց, որտեղ «օրենքով գողերին» կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել: Խուզարկությունների արդյունքով մի քանի հեղինակության ձերբակալեցին: Ոմանց մոտ հայտնաբերեցին զենք, ոմանց մոտ՝ թմրանյութ, ոմանց մոտ էլ՝ դեղամիջոց: Երկուսին թմրանյութ պահելու համար մեղադրանք է առաջադրվել՝ Անդո Խրոմոյին և Ալոյին:

««Օրենքով գող» կար գրեթե ամեն բակում». այսպես էր Երևանը բնութագրում գրող, քրեագետ Լևոն Սողոմոնյանը: Դրանք 1930-1940-ական թվականներն էին: Իսկ նախորդ դարի վերջին և այս դարի սկզբին երևանյան գողական աշխարհում մնացել էին Կառլեն Թովմասյանը (Գիժ Կառլեն), Մաելս Մկրտչյանը (Կնդո Մայիս), Վարդգես Ասլանյանը (Ցիպո Վարդգես), Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ) և ևս մի քանիսը: Այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր-Պետրոսյանն է՝ Վանիկը, սակայն գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի է:

Այսպիսով, վերջին տարիների ընթացքում Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ. եկան համեմատաբար երիտասարդները, սակայն նրանք չունեին այն ազդեցությունը, որն ունեին իրենց նախորդողները:

Ներկայի հայաստանյան «օրենքով գողերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հյուսիսցիներ և երևանցիներ: Առաջինը՝ հյուսիսցիները, հիմնականում Գյումրիից են (նախկին անվանումը՝ Լենինական), և հենց նրանց առաջնորդն է Զապը: Այց ցուցակում են նաև Արտեմ Ղազարյանը (լենինականցի Արտեմ), Սուրեն Ավետիսյանը (լենինականցի Սուրո), ինչպես նաև Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ): Չնայած նման բաժանմանը՝ այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ «օրենքով գողերն» աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է, և հարցերը լուծվում են Հայաստան գործուղղված երկու «օրենքով գողերի» հետ՝ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) բարեկամ Մերաբ Քալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Շամազաշվիլիի (Կոբա Ռուստավսկի) հետ:

Կայքն ընդգծում է, որ Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: «Օրենքով գողերին» տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նա հանդիսանում է ներկայի Հայաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողը»: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին «Պետական օրենքով գող»: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:

Չնայած «օրենքով գողերն» արդեն նախկին ազդեցությունը չունեն՝ հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ «օրենքով գողերի» «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆը: Վերջինն «օրենքով գող» է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության «օրենքով գող» էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993թ.-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին «օրենքով գողեր» եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող «օրենքով գող» Հայաստանում այլևս չի եղել:

«Որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պետք է իմանալ, թե ինչ է եղել դրանից առաջ»,- գրում է կայքը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք «օրենքով գողերին» դիտարկում էին ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես լծակ, որը թույլ էր տալիս հարցեր լուծել: Նախկինում ամեն «օրենքով գող» իր հովանավորն ուներ: Օրինակ՝ Անդո Խրոմոյը սերտ կապեր ուներ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

Սակայն այժմ այդպես չէ. Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հայտարարեց, որ այդ համակարգն այլևս պետք չէ:

Lenta.ru-ի զրուցակիցը՝ գողական աշխարհի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, մի արտահայտություն է արել. «Դու գրում ես «օրենքով գողերի» կյանքի մասին, սակայն գլխավոր գողի անունը չես տալիս: Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է: Հիմա նա է ամեն ինչ որոշում, ինչպես ասի, այնպես էլ կանենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր