ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ես զգում եմ այդ պատասխանատվությունը». Արտակ Ավետյան
14:05, 19.09.2018 | mamul.am
6995 | 0

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է.

«Վերջին շրջանում իմ որոշ մրցակիցների ու նրանց արբանյակների կողմից սկսել է շահարկվել այն հանգամանքը, որ ես արվեստագետ եմ, և զուգահեռներ տանելով թեկնածուներից մյուսի հանրահայտ կերպարից ստացած տպավորությունների հետ, հետևություն է արվում, որ արվեստագետներն անլուրջ են և չեն կարող քաղաք ղեկավարել… Այդպիսիք միտումնավոր լռում են այն մասին, որ որքան ես արվեստագետ եմ, նույնքան և շինարար: Արվեստագետ-շինարարին չի՞ կարելի քաղաքապետի պաշտոն վստահել: Մեզանից ո՞ր մեկս չենք հպարտանում մեծն Թամանյանի կոթողներին նայելով: Նա արվեստագետ-շինարա՞ր էր, թե՞ քաղաքական գործիչ…

Միաժամանակ, ցանկանում եմ ճշտել, որ բարձրակարգ արվեստն ամենևին էլ չի սկսվում ու ավարտվում շոու- բիզնեսի ցուցակային շրջանակներում: Այո, ես արվեստագետ եմ և հպարտ եմ իմ կոչմամբ ու ստեղծագործական գործունեության արդյունքով ստեղծված բազմաթիվ այն ֆիլմերով որոնցում բարոյական և գեղագիտական արժեքներ են վեր հանվում և ոչ թե տապալվում կամ ոչնչացվում են:

Որպես արվեստագետ ու հայրենասեր մարդ, խորապես գիտակցում եմ նաև, որ եթե որևէ մի մասնագիտություն, կոչում, տաղանդ չի նպաստելու հայոց մայրաքաղաքում բարձրակարգ միջավայր ստեղծելուն, մայրաքաղաքը երևանցիների և հյուրերի համար բարեհարմար դարձնելուն, ապօրինաշինություններն ու «շոփ-բուտիկային» մրցավազքը կանխելուն, մեր բարի, վարդագույն քաղաքի լավագույն ավանդույթները պահպանելուն ու զարգացնելուն, ապա այդ մասնագիտության տերը, թեկուզև՝ տաղանդավոր, հեռու պետք է մնա քաղաքապետ դառնալու հավակնություններից՝ հարազատ քաղաքի ու նրա մարդկանց չդավաճանելու համար: Երևանի վաղվա օրն ինձ համար շատ ավելի թանկ է, քան քաղաքապետ լինելու ինքնաբավարարման զգացումը, հավատացնում եմ ձեզ:
Առօրեական է հնչում՝ 2800 տարեկան քաղաք: Մինչդեռ, 2800 տարեկան քաղաքի ղեկավար լինելը դա հսկայական պատասխանատվություն է այս քաղաքում ապրած, մաքառած, պայքարած, արարչագործած, ստեղծած ու ստեղծագործած տասնյակ ու տասնյակ սերունդներ առջև, այսօր մեր մայրաքաղաքում ապրող հարյուր հազարավորների առջև, Հայաստանի ու Սփյուռքի միլիոնավոր ազգակիցների, նոր սերնդի ու ծնվողների առջև:

Ես զգում եմ այդ պատասխանատվությունը: Զգում եմ և՛ որպես արվեստագետ և՛ որպես կառուցող:

Այժմ, ի պաշտոնե, ես համակարգում եմ «Դվին» հյուրանոցի վերակառուցումը: Ամեն օր իմ գործընկեր-շինարարների ջանքերով նոր տեսք ու ձև է ստանում սիրելի քաղաքի հին ու հարազատ կառույցը:

Ամեն օր ես «Դվինի» վերին հարկերի բարձրությունից նայում եմ սիրելի քաղաքի համայնապատկերին ու սիրտս ճմլվում է Կոնդի անտերունչ վիճակից, որը վաղ միջնադարից պոկված կոշմարայիին պատկեր է կարծես: Սիրտս ճմլվում է միմյանց կողքի խիտ դարսված, ճարտարապետական տարրական նորմերը չպահպանելով, խախտումներով կառուցված «գերժամանակակից» բարձրահարկ կառույցներին, մեքենաների անսպառ հոսքին, դրանց արանքում ասես խուճապի մատնված ու ելք փնտրող, թարմ օդ շնչելու կարոտ համաքաղաքացիներիս ամենօրյա վազքին նայելիս… Սա է՞ իմ ու ձեր սիրելի քաղաքը, մեր 2800 տարեկան հավերժ երիտասարդը: Ախր սա հոգևարք է, մարդիկ, Երևանին առողջ թոքեր են պետք, Երևանին թթվածին է պետք՝ ազգային ոգին, տեսքն ու բնույթը, էությունը ծաղկացնելու թթվածին: Երևանը հանգիստ ապրելու, աննյարդ ապրելու քաղաք պիտի լինի: Երևանին ՏԵՐ է պետք և այդ տիրոջ անունը պետք է լինի Ե՛-ՐԵ՛-ՎԱ՛Ն-ՑԻ՛:

Շա՞տ զգացմունքային եղավ խոսքս: Իսկ դուք կցանկանայի՞ք անզգացմունք մարդ ղեկավարեր քաղաքը՝ միայն դեկլարատիվ հրահանգներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր