Թափառական կենդանիների հիմնախնդիրը շարունակում է մնալ արդիական և չլուծված «Տարիներ շարունակ մեր երկիրն անտարբերության է մատնել այն, ինչը վերաբերում է կենդանիներին»,- նշում է բնապահպան Կարինե Փանոսյանը և ավելացնում, որ տարիներ շարունակ «Յուիգրաֆ-Իքս» կազմակերպությունը տարբեր եղանակներով կյանքից զրկել է կենդանիներին՝ կրակել, քնեցրել, և այս գործը մնացել է կիսատ: «Այդ հարցով զբաղվել են կամավորական խմբերը: Մի կողմից բողոքներ և ահազանգեր «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպության աշխատանքից, մյուս կողմից հարցի բաց թողնված վիճակ: Սակայն կամավորական աշխատանքների և ոչ պետական աջակցության դեպքում անհար է խնդրին տալ հիմնավոր լուծում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ ներկայացնելով խնդիրը, նշում է Կարինե Փանոսյանն ու հավելում, որ արդեն նոր կառավարությունում տեսնում են գործն առաջ տանելու և խնդիրը կարգավորելու պատրաստակամություն: Այսօր Հայաստանում թափառական կենդանիների պաշտպանության համար դեռևս չկան օրենքներ Ամեն տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարում է թափառող կենդանիների ստերջացման և պատվաստման ծառայությունների մրցույթ, որում 2009 թվականից հաղթում է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: Ընկերությունն, ըստ պայմանագրի, պետք է՝ բռնի, բուժի, ստերիլիզացնի և բաց թողնի թափառական կենդանիներին: Կենդանիները պետք է ստերջացվեն, իսկ, որոնք վտանգավոր են մարդկանց առողջությանը քնեցվեն: Սպանդի արդյունքում կենդանիները շատանում են Գիտականորեն հիմնավորված է, որ եթե որևէ բնակավայրում շները զանգվածաբար ոչնչացվեն, ապա կլինի հակառակ էֆեկտը. շների գլխաքանակը միևնույն է կվերականգնվի՝ ընդ որում ավելի ագրեսիվանալով: «Կենդանին, որն զգում է մահվան սպառնալիք, կրկնապատիկ շատ ձագուկներ է ունենում, եթե խաղաղ պայմաններում ունենում են 2-4 ձագ, սպանդի վտանգի դեպքում՝ ձագուկների թիվը կարող է հասնել 6-ից 8-ի»,- նշում է մեր զրուցակիցը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավատարմագրված «Շների էկոլոգիայի ուսումնասիրության խորհրդատվական զեկույց՝ կապված կատաղության կառավարման հետ» աշխատության մեջ նշված է, որ «Ուսումնասիրությունների և ոչ մի ոլորտում ցանկացած մեթոդով շների ոչնչացումը թվաքանակի վրա որևէ երկարաժամկետ նշանակալի ազդեցություն չունի: Շների ոչնչացումը երբեք չի կարող համարվել շների ավելցուկային քանակի խնդրի լուծման արդյունավետ միջոց. այն որևէ կերպ չի ազդում հիմնախնդրի արմատային պատճառի վրա»: Գլխաքանակի ավելացումը միակ սպառնալիքը չէ, որ կարող է առաջանալ սպանդի արդյունքում Բնապահպանի խոսքերով՝ սպանված կենդանին հակասանիտարական պայմաններ է առաջ բերում: Շատ անասնաբույժներ պնդում են, որ շների մասսայական ոչնչացման պարագայում քաղաքում կարող է ավելանալ առնետների թվաքանակը: «Պետք է ստերջացման եղանակով վերադարձնել կենդանիներին բնական միջավայր, իսկ նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում մարդկաց կյանքին, առողջությանը՝ քնեցնել: Վերարտադրություն չի լինի, և խնդիրն այսքանով է կարող է լուծվել»: Հայաստանում վերջին տարիներին կատաղություն հիվանդության դեպք չի գրանցվել և նման հիվանդություն պաշտոնապես գրանցված չէ, սակայն դա չի նշանակում, որ կենդանիներն ագրեսիվ չեն կարող լինել: «Փողոցում հայտնված կենդանիների մեծ մասն ընտանիքներից օտարված են, որոնք արդեն չունեն լավ հարաբերություններ մարդկանց հետ: Նրանք կարողացել են ոչ բարվոք պայմաններում իրենց կյանքի գոյությունը պահպանել, այդ պատճառով դարձել են ագրեսիվ»: Պետք է հաշվի առնել, որ տարին 2 անգամ՝ սեռական ակտիվության շրջանում, կենդանիները դառնում են ավելի ագրեսիվ, սակայն ստերջացման արդյուքնում հնարավոր է նրանց ագրեսիան կանխել: Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը չունի կենդանիների պաշտպանության համար օրենքներ: Կարինե Փանոսյանը նշում է, որ նույնսիկ հարևան՝ հակառակորդ երկրում, կան օրենքներ կենդանիների համար: Երկրներ, որոնք կիրառել են շների մասայական ոչնչացման փորձը: 2010 թվականին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 3 ամսում ոչնչացվեց մոտ 58.0000 թափառական շուն: Dailymail-ն տված հարցազրույցում Բաղդադի գլխավոր անասնաբույժ Մուհամմեդ Ալ-Հիլլին նշել էր, որ սա ստեղծված իրավիճակի միակ լուծումն էր: Սակայն Նիդերլանդները կարողացել է գտնել ավելի հեշտ լուծում՝ զերծ սանիտարական վատ հանգամանքներից, համաճարակներից և վերջապես կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքից: Այս երկրում իրականացված հետաքրքիր օրենսդրության համաձայն՝ բոլոր ծառայություններն անվճար են քաղաքացիների համար: Այսինքն՝ փողոցում յուրաքանչյուր կենդանի կարող է բուժվել անվճար և ունենալ կացարան: Որդեգրված շների դեպքում հարկերը բացակայում են: Դեռ մանկապարտեզներից երեխաներին սովորեցնում են սիրել ու պաշտպանել կենդանիներին: |