ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 90-ամյակը
17:10, 12.10.2018 | mamul.am
9687 | 1

«Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես՝ և´ շատ տխուր, և´ շատ ուրախ։ Մարդը չի կարող միշտ ուրախ լինել։ Ոչ մեկի տանն անվերջ ուրախություն չկա։ Բնությունն այնպես է ստեղծված, որ մարդուն և´ պետք է ցավացնի, և´ ուրախացնի։ Այդպես է աշխարհի օրենքը։ Այնպես որ, եթե հանկարծ մի քիչ նեղության մեջ կընկնեք, տրամադրություն չեք ունենա, մի´ հուսահատվեք։ Նեղությանն էլ դիմացեք, լենությանն էլ։ Նեղությանը դիմանալ հեշտ է, մարդիկ լենությանը չեն դիմանում, շուտ են փչանում»,- մի առիթով ասել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը: Այսօր հայազգի մեծ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 90- ամյակը:

Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 90-ամյակը

Ջիվան Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը:
Նա հանդես է եկել ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժշիտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։
Դուդուկը սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ «Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը: Այն մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը»,- ասում է նա:
Ջիվան Գասպարյանը 20 հազար համերգ է նվագել, 2000-ից ավելի ձայնագրություններ ունի, մասնակցել է 40 ֆիլմերի նկարահանման, բայց երբեք հայկական ակունքներից չի շեղվել: «Երբեք օտար երկրների, ազգերի մեղեդիներ չեմ օգտագործել։ Ամենալավ արվեստն աշխարհում հայկականն է, հատկապես մեր դասական երաժշտությունը»,- ասում է վարպետը:

Վարպետին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորոկան ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մեծարգո Ջիվան Գասպարյան, սիրելի Վարպեերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։ Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»,- մաղթել է վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր