Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված խնդրին. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը: Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից: Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի դադարեցումը խիստ դժգոհություն էր առաջացրել աշխատողների շրջանում: Նրանք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով շարունակել գործարանի աշխատանքները: |