ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես` նվիրված Երևանի 2800-ամյակին
11:25, 20.10.2018 | mamul.am
3740 | 0

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հին ու նոր Երևանի վավերագրերի յուրօրինակ ցուցադրություն է բացվել «Մետրոնոմ» կենտրոնում։ Երևանի 2800 ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները (1927թ.) և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնցից ամենահինը` Երևանի բերդի և Ձորագյուղի ընդհանուր տեսարանը պատկերող լուսանկարն է (1885թ.)։

ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի կազմակերպած ցուցահանդեսի 60-ից ավելի լուսանկարները պատմում են հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, նշանավոր անձանց մասին։

Ցուցահանդեսը բացվել է Հին Երևանի մասին պատմող ֆիլմով, որն ուղեկցվել է Շառլ Ազնավուրի կատարումներով: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի առաջարկով միջոցառման մասնակիցները ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափահարություններով են հարգել մեծ հայի ու շանսոնյեի հիշատակը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով ցուցահանդեսում ներկայացված են Հին Երևանի մասին վկայող հրաշալի վավերագրեր: «Մենք ցանկացել ենք հին Երևանի վավերագրերը մեր բնակչությանը ավելի հասանելի դարձնել ցուցադրության միջոցով ոչ թե թանգարաններից մեկում, այլ դուրս ենք բերել հանրային վայր` նպատակ ունենալով ավելի մոտ լինել հասարակությանը։ Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա տեսնել 2800-ամյա Երևանը, նրա ճարտարապետական դիմագիծը, ինչպես Սևակն է բնորոշել՝ քարե նազանքը, ուզում ենք այդ նազանքի բոլոր նրբերանգները ցույց տալ այսօրվա երիտասարդներին»,- ասել է Արա Թարվերդյանը։

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով էլ թանգարանում պահպանվում է Երևանի 15․ 000 լուսանկար, որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը և հավաքածուն մշտապես համալրվում է։

«Քանդվել են Երևանի բազմաթիվ եկեղեցիներ, օրինակ Պողոս-Պետրոսը, որի միայն լուսանկարն է պահպանվել, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ռուսական Սուրբ Աննայի եկեղեցին, որը եղել է Ստեփան Շահումյանի արձանի տեղում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում էլ կառուցված է եղել Գետցեմանի մատուռը (թվագրված 12-րդ դարով): Ցավոք այսօր այդ կառույցները չկան։ Իհարկե բազմաթիվ այլ շենքեր էլ քանդվել են տարբեր քաղաքաշինական նախագծերի ընթացքում։ Մեր քաղաքի դիմագիծն անընդհատ փոխվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչը բնորոշ է բոլոր քաղաքներին»,- նշել է Ա․ Սարգսյանը։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող, հին ու նոր Երևանի մասին պատմող 25 գրքերի: Դրանցից ամենահինը` «Երևան» տպագրվել է 1948թ.:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 23-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր