ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այն, որ Հայաստանում կրիմինալը չպետք է ունենա որևէ ազդեցության տարածք, անկասկած է». Արթուր Սաքունց
14:20, 20.10.2018 | mamul.am
3901 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ Հայաստանում կրիմինալը չպետք է ունենա որևէ ազդեցության տարածք, անկասկած է։ Կրիմինալ համայնքը իր արժեհամակարգով, սկզբունքներով միմիայն կրիմինալ իշխանության և ռեժիմի՝ ներսի, թե դրսի նման բնույթի ուժերի հենարանը կարող է լինել։

Եվ Հայաստանում չպետք է ունենանք հայկական որևէ սիցիլիական բնույթի ազդեցության տարածք։

Միևնույն ժամանակ կրիմինալի դեմ պայքարը իրավապահ համակարգից պահանջում է բացառիկ գրագետ, թե մասնագիտական, թե իրավական նորմերի խստիվ պահպանմամբ աշխատանք։

Իրավական նորմերի խախտումներով պայքարը հակաիրավական գործողությունների դեմ ոչ միայն անթույլատրելի է, այլև անարդյունավետ և դատապարտված է պարտության։

Իսկ նման պարտությունը կլինի բոլորիս, թե պետության, թե քաղաքացիների պարտությունը։

Ավելին, նման խոցելի մոտեցումը կփակի կրիմինալ համայնքից շատ մարդկանց դեպի քաղաքացիական համայնք տեղափոխման ճանապարհն ու հնարավորությունը, կնպաստի կրիմինալ համայնքի լեգիտիմությանը։

Պետք է ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ պահպանումը, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի իրականացումը անկախ մարդու որևէ հատկանիշի՝ պաշտոն, կոչում, զբաղմունք, սեռ, հայացք և այլն։

Նշված սկզբունքներից որևէ, թեկուզ ժամանակավոր նահանջ, անթույլատրելի է, քանի որ ժամանակավոր թեկուզ ցանկալի արդյունքների ստացումը, այդ սկզբունքներից շեղման հաշվին, կհանգեցնի ընտրովի արդարադատության, սոցիալական անարդարության վերակենդանացմանը, որի դեմ տարիներ շարունակ պայքարել ենք, և որի պատճառով տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր