ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ինչո՞ւ է բանջարեղենից ձկան հոտ գալիս. պարզաբանում է Դավիթ Պիպոյանը
19:05, 23.10.2018 | mamul.am
25061 | 1

Օրեր առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ անհանգստություն հայտնելով, որ բանջարեղենով ապուր եփելիս՝ ձկան սուր հոտ է զգացել:

MAMUL.am-ի թղթակիցն այս խնդրի շուրջ փորձեց զրուցել ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ:

«Ո՛չ ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգելը, ո՛չ գենետիկ մոդիֆիկացիան չի պայմանավորում լոլիկից կամ վարունգից եկող ձկան հոտը և համը»,- ասաց Դ. Պիպոյանը՝ հավելելով, որ նշված խնդրի հետ կապված տարբեր կարծիքներ հնչեցին այս օրերին:

Կար տեսակետ, որ պոչամբարներից արտահոսքի պատճառով աղտոտված ջրերը ներթափանցում են գետեր: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ բանջարեղենը ոռոգվում է ձկնաբուծական ֆերմաների հետադարձ ջրերով, կամ պատճառը գենետիկ մոդիֆիկացիան է:

Դավիթ Պիպոյանը, սակայն, մեզ հետ զրույցում, ժխտեց այդ բոլոր տարբերակները՝ նշելով, որ այդ դեպքում պետք է մնացած բանջարեղեններից էլ նույն հոտն առնեինք:

«Նման հոտի առաջացման պատճառներից է պտղի բնական հասունացման պրոցեսում եղած որոշակի խախտումները»,- նշեց Պիպոյանը՝ առանձնացնելով դրանցից մի քանիսը՝ պահպանման ռեժիմը, տեղափոխումը, պահեստավորումը, բույսի բնական հասունացման արհեստական միջոցները և թունաքիմիկատների կիրառումը:

Ըստ մասնագետի, բաջարեղենից եկող նման հոտ կարող է հաղորդել նաև թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործումը: Դ. Պիպոյանը հիշեցրեց Թուրքիայից ներկված «թունավոր» լոլիկների մասին ոչ վաղ անցյալում տարածված տեղեկատվությունը, որի ժամանակ իրականացվեցին հետազոտություններ, ուսումնասիրվեց գիտական գրականություն և պարզվեց, որ Թուրքիայում օգտագործվում է էդոսուլֆան և այլ արգելված թունաքիմիկատներ, որոնք էլ պայմանավորում են տհաճ հոտը:

Մասնագետի նշեց, որ բանջարեղենից հոտ առնելը դեռ չի նշանակում, որ այն կարող է Թուրքիայից լինել, որովհետև այստեղ ևս կարող են թունաքիմիկատներ օգտագործել, կամ դրանք սխալ կիրառել:

Հարցին՝ վտանգավո՞ր է այն բանջարեղենը, որից տճահ հոտ է գալիս, մեր զրուցակիցն ասաց. «Կարող ենք ասել և՛ վնասակար է, և՛ վնասակար չէ: Վատ հոտը դեռևս չի նշանակում, որ այն վտանգավոր է առողջության համար: Պետք է ստուգել, թե որտեղ է խնդիրը, տեսնել՝ այն գերազանցե՞լ է որոշակի նորման, թե՞ ոչ»:

Դավիթ Պիպոյանը նշեց, որ ոչ բոլոր սպառողներն են ճիշտ մեկնաբանում, թե բանջարեղենից եկող հոտն ինչ հոտ է իրականում: Նա խորհուրդ է տվեց նման դեպքերում խուճապի չմատնվել, այլ, ընդամենը, տհաճ հոտն զգալով՝ չօգտագործել մթերքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր