Երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասը վախճանվել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Փարիզում: Նրա կյանքի վերջին 16 տարիներն անցան բուժական հաստատություններում: Կոմիտասն այդ ժամանակ արդեն դադարել էր ստեղծագործել. կորցրել էր հոգեկան հավասարակշռությունը: «Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»,- ասում էր Պարույր Սևակը: Արմատներով Գողթն գավառից Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում: Ծնողները բնատուր ձայն են ունեցել և երգեր հորինել, սակայն մանուկ Սողոմոնը, վաղ է որբացել: 1881-1893 թվականներին սովորում է Գևորգյան ճեմարանում և սկսում հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր: «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե՛ք և սովորեցե՛ք նրանից»,- ասում էր վարդապետը: Սողոմոն Սողոմոնյանը Կոմիտաս անվանունը 1894 թվականին է ստանում` ի պատիվ 7-րդ դարի հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա. Աղցեցու: 1890-ին ձեռնադրվում է սարկավագ, հետագայում դառնում երաժշտության ուսուցիչ: Տարիներ անց ստանում է Վարդապետի հոգևոր աստիճան: Կոմիտասը զբաղվել է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և ուսումնասիրմամբ: «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջները կծնի ու կծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»: Հայոց ցեղասպանությունը ընդհատում է երաժշտի գործունեությունը: Պոլսահայ մտավորականների հետ միասին նա ևս ձերբակալվում է, սակայն դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ աքսորից ետ են ուղարկում, բայց նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը: «Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչվեց: Հայ հասարակությունն զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը»,- պատմում էր Ավետիք Իսահակյանը: |