ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին
19:05, 22.10.2018 | mamul.am
2332 | 1

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում` հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կամերային երաժշտության երեկո էր: Կարեն Շահգալդյանը (ջութակ), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ) հանդիսատեսին ներկայացրել են Արամ Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին:

Համերգային երեկոյի ընթացքում Կարեն Շահգալդյանը և Լիլիթ Զաքարյանը ներկայացրել են մեծանուն կոմպոզիտորի Երգ-պոեմը աշուղների հիշատակին, «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից նոկտյուրնը, թիվ 1 պարը: Կարեն Շահգալդյանը ներկայացրել է կոմպոզիտորի հազվադեպ կատարվող մենանվագ ջութակի սոնատ-մենախոսությունը:

Խաչատրյանի մենանվագ դաշնամուրի համար պոեմը և դաշնամուրի սոնատինան կատարել է Լիլիթ Զաքարյանը, իսկ համերգային երեկոյի ավարտին հնչել է Խաչատրյանի տրիոն:

Ջութակահար Կարեն Շահգալդյանը փաստել է՝ Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններում մենք տեսնում ենք բոլորովին այլ Խաչատրյանի, ով այդքան էլ ծանոթ չէ մեզ, բայց պակաս հետաքրքիր չէ: Շահգալդյանի խոսքով՝ Խաչատրյան տրիոյով անգամ ձայնասկավառակ են ձայնագրել՝ նվիրված Խաչատրյանի կամերային երաժշտությանը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին մեկնարկած Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնն առաջիկա մեկ ամսվա ընթացքում 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։

Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր