Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես կգա Միքայել Նավասարդյանը (թավջութակ): Համերգային ծրագրում ընդգրկված են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Նշենք, որ Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլոյում (Բրազիլիա): Երաժշտությամբ սկսել է զբաղվել Բուենոս Այրեսում: 2002-ին կատարելագործվել է Ֆրանսիայում՝ Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում: Համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Սըր Քոլին Դևիսը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ: |