Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Առանց հոդաբաշխ հիմնավորման փակել մի հաստատություն, փոխարենը չստեղծելով ոչինչ՝ անթույլատրելի է». Վահե Սարգսյանը՝ «Նորավանքի» փակման մասին
20:20, 30.10.2018

Դեռևս 2000 թվականին ՀՀ կառավարության կողմից հիմնված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը նոր կառավարության հրամանով փակվում է հունվարի 1-ից: Թե որն է փակման պատճառը, ոչ մի բացատրություն չի տրվում: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը հակված է այն կարծիքին, որ պատճառը ֆինանսավորումը չէ, այստեղ խնդիրը քաղաքական է: «Անցած մեկուկես տասնյակից ավելի տարիների ընթացքում «Նորավանք» գկ/հ-ում աշխատել են ՀՀ առաջատար վերլուծաբաններ, հայագիտության և տասնյակ այլ կարևորագույն ոլորտների ներկայացուցիչներ: Անցած շրջանում «Նորավանքը» ստեղծել և խորացրել է կապեր աշխարհի առաջատար գիտական և ուղեղային կենտրոնների հետ, որոնցից շատերի ներկայացուցիչները ՀՀ-ին, Արցախին, համահայկական խնդիրներին ծանոթացել են հենց «Նորավանքի» շնորհիվ»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը:

«Նորավանքում» ստեղծված է Հայագիտական հետազոտությունների կենտրոն, որի բազմաթիվ հետազոտությունները մնայուն գործեր են, Հայաստանով ու հայությամբ զբաղվող մասնագետների սեղանի մշտական գրքերը:

«Չեմ կարող չանդրադառնալ «Նորավանքի» տպագիր այլ արտադրանքներին ևս. 2003 թ. ի վեր անընդմեջ երեք լեզուներով հրատարակվող «21-րդ դար» գիտական հանդեսին, «Գլոբուս» գիտավերլուծական տեղեկատուին, հարյուրավոր այլ հետազոտությունների, մենագրությունների, կոլեկտիվ աշխատանքների, որոնք վերաբերել են տեղեկատվական անվտանգության հարցերին, տարածաշրջանային զարգացումնեին, հարևան երկրների ներքին զարգացումներին և այլն, և այլն:

Հատուկ կուզենայի նշել «Նորավանքի» և Սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացված հետազոտական-հրատարակչական ծրագրերը, որոնց շնորհիվ մեր սեղաններին են սփյուռքին, հայագիտությանը, աշխարհի մի շարք երկրների սփյուռքին և այլ հարցերին նվիրված մի քանի տասնյակ հաջողված աշխատանքներ:

Ուզում եմ կարևորել ևս մեկ փաստ. «Նորավանքն» իր հրատարակչական ձեռնարկներում և հետազոտական ծրագրերում չի անտեսել երիտասարդ, որոշ դեպքերում անգամ սկսնակ վերլուծաբաններին, ասպիրանտներին, և այսօրվա շատ երիտասարդ գիտնականներ, քաղաքագետներ ու փորձագետներ իրենց առաջին գիտական աշխատանքների տպագրման համար երախտապարտ են «Նորավանքի» «21-րդ դար» գիտական հանդեսի խմբագրակազմին:

Եթե ՀՀ ներկայիս իշխանություններին չի բավարարել այսքանը, թող քննարկում կազմակերպեին «Նորավանքի» հետ, թող բարեփոխման պահանջներ դնեին, թող աշխատանքից ազատեին իրենց պահանջները չբավարարող աշխատակիցնեին: Առանց հոդաբաշխ հիմնավորման փակել մի հաստատություն, փոխարենը չստեղծելով ոչինչ` անթույլատրելի է:

Աշխարհի բոլոր զարգացող և զարգացած երկրների վերնախավն իր քաղաքական ուղեգիծը մշակելիս առաջնորդվում է սեփական անալիտիկ կենտրոնների տված արտադրանքի վրա: Եթե ՀՀ նախկին իշխանությունները նորերի կողմից մեղադրվում են միաձնյա կառավարման կամ ոչ ժողովրդավարական լինելու համար, ապա նոր պայմաններում, երբ օրինաչափորեն այլևս ոչ թե անձերը, այլ համակարգերն են կառավարելու երկիրը, պետք է ոչ թե փակվեն վերլուծական կենտրոնները, այլ «Նորավանքի» կողքին հիմնադրվեն նորերը:

Այլապես` տպավորություն է, որ ՀՀ-ում «փողոցային կառավարման» մշակույթը գրավում է հաստատուն տեղ և փոխարինում է «համակարգային կառավարման» մոդելին»,- վստահ է Վահե Սարգսյանը:

Մեր թղթակցի հետ զրույցում նա նաև տեղեկացրեց, որ հիմնադրամի մոտ 40 աշխատակիցների համար հիմա անորոշ վիճակ է: Կառավարությունն ասել է՝ թող գնան առընթեր տեղեկատվական և վերլուծական բաժին, դիմեն աշխատանքի համար, բայց ինչ աշխատանք, քանիսը կընդունվեն, ինչ պայմաններով, ոչինչ պարզ չէ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր