ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ աղանդների դեմ պայքարում եկեղեցին այդչափ անզոր գտնվեց». Սամվել Կարապետյան
00:40, 09.11.2018 | mamul.am
4058 | 12

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2007 թ. կաթողիկոսի հետ մի հանդիպման ժամանակ լսեցի հետևյալ, թերևս իրապես անկեղծ և մտահոգ արտահայտությունը. «Աղանդները ազգս կերան, ես եկեղեցիներ պիտի կառուցեմ»:

Իհարկե, անկախությունից ի վեր արդեն իսկ բավականաչափ եկեղեցիներ կառուցվել էին, բայց կաթողիկոսն իր խոսքի տերը լինելով գոնե մինչև ներկա թվականը ողջ հանրապետությունը ծածկել է աննախադեպ քանակի նորակառույց եկեղեցիների ցանցով:

Հակառակ սրան, այժմ պետք է, որ կաթողիկոսն ավելի մտահոգ լինի, քան էր` 2007 թ., քանի որ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելով եկեղեցաշինության վրա, անշուշտ տեսնում է, որ աղանդները ոչ միայն չեն նվազել, այլ աննախադեպ բազմացել ու բարգավաճել են:

Փաստորեն կյանքը ցույց տվեց, որ եկեղեցի կառուցելն այն միջոցը չէր, որով կարելի էր պայքարել աղանդների դեմ: Այլ խոսքով եկեղեցին այն սպեղանին չէր, որը կարող էր ապաքինել աղանդ-բացիլներից ծվատվող հոգին ու քայքայվող մարմինը:

Արդ, ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ աղանդների դեմ պայքարում եկեղեցին այդչափ անզոր գտնվեց: Սա մի լրջագույն հարց է, քանի որ անկախությունից ի վեր եկեղեցի կառուցելու կաթողիկոսի կոչին արձագանքել են ոչ միայն առանձին գործարարները, ովքեր սեփական բիզնեսներն ընդլայնելու փոխարեն միջոցներ են ուղղել ի նպաստ եկեղեցաշինության, այլև մինչև իսկ շատ բնակավայրերում դա արվել էր բնակիչների ամենասուղ միջոցներից հանգանակված գումարներով: Այլ խոսքով ազգը ոչինչ չէր խնայել եկեղեցի կառուցելու համար: Սակայն այսօր ամենուր նույնիսկ երեկվա եկեղեցաշինարարը դարձել է աղանդավոր: Սա մի ողբերգություն է: Իրական ողբերգություն, որի մասին խոսելու, խնդիրը բարձրաձայնելու, քննարկելու, հասկանալու ցանկություն էլ կարծես առանձնապես չի զգացվում: Դե ճիշտն ասած պարտությունների մասին լռելը մեզանում արդեն վաղուց ավանդույթի է վերածվել: Մինչդեռ չի հաղթում նա, ով խուսափում է քննել արձանագրված պարտության պատճառները:

Բացարձակապես առանց որևէ հավակնության, թե կարող եմ խնդրին սպառիչ պատասխան տալ, այնուամենայնիվ, իբրև մեկը մեր մտահոգ քաղաքացիներից ներքո պիտի փորձեմ Ձեզ ներկայացնել դիտարկումներս:

Ինքս խորապես համոզված եմ, որ որևէ գաղափարի դեմ պայքարելիս հարկ է առաջադրել ավելի հիմնավոր ու ծանրակշիռ գաղափարներ: Մեր պարագայում փաստորեն շենքը կա, բայց նրանում չկա կամ թույլ է ենթադրյալ գաղափարը: Իսկ ի՞նչ կա մեր եկեղեցու ներսում իբրև գաղափար, որով գուցեև փորձում են հակադրվել աղանդներին, բայց լայն հաշվով միայն պարտություններ է արձանագրվում:

Աստվածաշնչյան դոգմաներից զատ իբրև քրիստոնեական հավատքին աղերսվող ազգային պատմության դրվագներ մեր եկեղեցում առանձնակի ակնածանքով նշվում է զանազան մասունքների հրաշագործությունների մասին: Օրինակ Գեղարդի, որը ժամանակին պարբերաբար շրջեցվում էր այն բնակավայրերում, որտեղ տարածում էին գտնում մահաբեր համաճարակները և որը շրջեցնելուց հետո քաղաքներն ազատվում էին համաճարակից (ի դեպ, Մայր Աթոռոմ չգիտես ինչո՞ւ կամ որտեղի՞ց մեկի փոխարեն` երկու Գեղարդ կա. հիմա դրանցից, որն էին շրջեցնում և դրանով համաճարակների դեմն առնում` ոչ էլ իհարկե կարևոր է): Ամենայն լրջությամբ պատմվում են նաև զանազան այլ հրաշապատումների մասին, ինչպես օրինակ Պոնտոսում Պետրոս Գետադարձ կաթողիկոսի քարոզի մասին, որից հետո գետը սկսում է հակառակ` դեպի լեռն ի վեր հոսել կամ էլ տապակած աղավնիներին Նարեկացու կյանք տալու դրվագը և կամ արդեն համարյա ժամանակակից հրաշագործություններից, ինչպիսին է ադրբեջանական ՍՈՒ-երի Գանձասարի վանքը ռմբակոծելու պատմությունները, երբ իբր բոլորը տեսել են, թե ինչպես էին ռումբերը գմբեթին չհասած` հրեշտակների ներգործությամբ թեքվել-գնացել ուրիշ տեղ պայթել...

Ահա սրանք և սրանց նման բազմաթիվ այլ պատմություններն են, որ ամենայն լուրջ կերպարանքով ձեզ է հրամցնում առաքելական եկեղեցու պատահած բարձրաստիճան և կամ ստորին դասի պաշտոնյան: Պատմություններ, որոնք նույնիսկ մանուկներին չարժե պատմել, այլ թերևս միայն մանկամիտներին: Ինքնին հասկանալի է, որ այս մակարդակի հոգևոր դաս ունեցող եկեղեցին (քանի միլիոն դոլարով կառուցված շենքի մեջ էլ որ լինի) իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, քանի որ էականը ոչ թե շենքն է, այլ նրանում առկա գաղափարը:

Վերոնշյալից հետևում է, որ կաթողիկոսը բազմացրել է անգաղափար շենքերը, կարծելով, թե դրանցով կարող է աղանդների դեմն առնել:

Ստիպված չեմ մանրամասնել այն իրողությունը, որ զառանցանքների մակարդակի հրաշապատումներով մարդկանց գլուխներն արդուկելով եկեղեցին ընդամենը կայուն խավարի մեջ է պահել հասարակության գիտակցական մակարդակը: Այսինքն հոգևոր սնուցման անվան ներքո ընդամենը խորացրել է խավարը և հանրայնացրել տգիտությունը, որով էլ պարարտ հող է ստեղծել աղանդավորների համար, քանի որ վերջիններս իրենց որսն ի վիճակի են անել միայն տգետների շրջանում: Սրանից հետևում է մի պարզ բան, որ առաքելական եկեղեցու գաղափարաբանությունը կամա թե ակամա կատարել է այն առվի դերը, որի հույսով աշխատում են աղանդավորների ջրաղացները:

Արդ, ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս կարելի է պայքարել մեր տգիտության վրա հույսները դրած, դրա հաշվին սնվող-բազմացող աղանդների և այդ տգիտության մայր աղբյուր առաքելական եկեղեցու դեմ: Պատասխանը մեկն է. ԿՐԹՈՒԹՅԱՄԲ և ԳԻՏՈՒԹՅԱՄԲ, քանի որ ուսյալ, լուսավոր մարդն է, որ իր դուռը թակող աղանդավորին ոչ թե լսելու կհրավիրի, այլ կիմանա, թե ինչպես հենց շեմքից ճանապարհի ու նաև ականջ չի կախի գաղափարապես միջնադարում մնացած եկեղեցականի առջև»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր