ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Այսօր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է
15:10, 11.11.2018 | mamul.am
8985 | 1

Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է: Նա մահացել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Երաժշտական ազդեցությունն առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում:
Բաբաջանյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երգերը: Ժամանակի նորարար շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը», «Վեց պատկերը», № 3 կվարտետը:
Գրել է երաժշտություն թատրոնի և գեղարվեստական ֆիլմերի համար: Մեծ հայը բնակվել է Մոսկվայում, սակայն, ինչպես ինքն է սիրել նշել, ապրել է Երևանում:
Այսօր լրանում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ, ողջ օրվա ընթացքում, կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում, կհնչեն նրա ստեղծագործությունները: Ժամը 12.00-ին տեղի կունենա ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք կմատուցվի մեծ հային, կհնչեն ելույթներ: Այնուհետև, ժամը 14.00-ին, ներկաները կուղևորվեն կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։ Արձանի մոտից մինչև գերեզմանատուն և հետդարձ ուղևորությունը կկազմակերպի Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր