Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու որևէ հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր իրենց համարում են այդ երկրի ղեկավարներ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այցի ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել Փարիզի հետ հարաբերությունները: «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը և որևէ հարաբերություն չունի այդ երկրի ղեկավարության հետ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով Արցախի ղեկավարների փարիզյան այցի հետ կապված՝ Ադրբեջանում բողոքի ակցիաների մասին հարցին: «Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աշխատում է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ և որպես միջնորդ իր առաքելությունն է իրականացնում անաչառ կերպով»,- ընդգծել է նա: |