ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ ԿՀՎ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության պատվիրատու է անվանել
13:20, 17.11.2018 | mamul.am
9726 | 2

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատվիրատու է անվանել, գրում է The Washington Post-ը:

«Լրագրողի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց նրա իմացության կամ մասնակցության: ԿՀՎ-ն ուսումնասիրել է արքայազնի եղբոր՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Հալեդ բեն Սալմանի և Խաշոգջիի հեռախոսազրույցները: Հալեդն ասել է Խաշոգջիին, որ նա պետք է մեկնի Ստամբուլում թագավորության հյուպատոսարան, որպեսզի ստանա ամուսնական փաստաթղթերը, ինչպես նաև վստահեցրել է, որ նրան ոչինչ չի սպառնում: Հալեդը հեռախոսազրույց է ունեցել եղբոր հորդորով: Չնայած հստակ չէ, թե արդյոք Հալեդը գիտեր, որ լրագրողին սպանելու են»,- պարբերականը մեջբերում է ԿՀՎ աղբյուրի խոսքը:

Պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի շրջապատին, հայտնում է նաև, որ Դոնալդ Թրամփին ներկայացվել են սպանությանը սաուդցի արքայազնի ներգրավվածության ապացույցները, սակայն Սպիտակ տան ղեկավարը դրանք ընդունել է թերահավատորեն:

ԿՀՎ եզրակացությունում ասվում է նաև, որ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը փաստացի «երկրում գլխավոր մարդն է, ով վերահսկում է թագավորության նույնիսկ ոչ նշանակալից գործերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր