ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին
20:20, 19.11.2018 | mamul.am
2284 | 0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:

Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև կապերի խորացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Իլ դը Ֆրանսը Ֆրանսիայի ամենաարդյունավետ կառավարվող շրջաններից է, և փորձի փոխանակումն օգտակար կլինի կառավարման մակարդակի բարձրացման համար:

Վալերի Պեկրեսը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ բարձր մակարդակի պաշտոնական այցերի դինամիկան պահպանվում է, և պետք է աշխատել շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Իլ դը Ֆրանս շրջանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում՝ ընդգծելով, որ իրենք հետաքրքրված են Երևանի հետ փոխշահավետ առարկայական գործընկերություն զարգացնելու հարցում: Վալերի Պեկրեսը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքների և համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև թե՛ կենտրոնացված, թե՛ ապակենտրոնացված համագործակցության հաջող մոդելներ կան, և Հայաստանը հետաքրքրված է կառավարման ոլորտում առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել աղբահանության, աղբի վերամշակման, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է նաև բիզնես ոլորտում կառավարման նոր մշակույթի և բարձր ստանդարտների ներդրումը:

Հումանիտար և միջմշակութային կապերի սերտացման, Հայաստանում ֆրանսերենի տարածման համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Վալերի Պեկրեսին՝ Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր