ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ
22:55, 21.11.2018 | mamul.am
3450 | 0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները:

Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ ՏՏ, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ։ 30-ից ավելի աշխատակից էլ ներգրավված է Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի աշխատանքներում։ Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքային միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը:

Ընկերության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը և PicsArt-ի հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կրթական, համապատասխան մասնագետներով համալրման խնդիրներին: Երկուստեք կարևորվել է կրթություն-գիտահետազոտություն գործուն կապի ստեղծումը և բուհ-բիզնես-գիտություն շղթայի արդյունավետության բարձրացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է առաջնահերթություն և հետաքրքրված է այս ճյուղը ներկայացնող ընկերությունների հետ համագործակցության, առկա հարցերի քննարկման և փոխշահավետ լուծումների հայտնաբերման հարցում:

PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի ավելի քան 500 մլն ներբեռնում և ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր