ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ. առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 15%». Նիկոլ Փաշինյան
15:45, 06.12.2018 | mamul.am
3971 | 1

Բացելով Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին և խոսքը փոխանցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ողջունելով ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներին և շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը մեր կառավարության առաջնահերթություններից է: ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը երկրի տնտեսական աճն ու արտաքին առևտրային ներուժը խթանող կարևոր և դրական գործոններից է դառնում: Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018թ. առաջին 10 ամիսների ընթացքում՝ համեմատած 2017թ. նույն ժամանակահատվածի հետ, կազմել է 15%: ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում մեծացել է ավելի քան 22%-ով: Այս տվյալները վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ձևավորված բարենպաստ կոնյուկտուրայի, այլ նաև ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին»:

Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ինտեգրման ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիների և մեխանիզմների որոնման համար:

«Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը: Աջակցում ենք ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին 2019թ. և այն ջանքերին, որոնք ուղղված են ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանը: ՀՀ կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո այդ պայմանագրերը կներկայացնի խորհրդարանին:

Հարգելի՛ գործընկերներ, այսօր Հայաստանում տեղի են ունենում մեր հանրության կենսական բոլոր ոլորտներին առնչվող փոփոխություններ»,- ընդգծել է Ն. Փաշինյանը:

Իր խոսքի վերջում Ն. Փաշինյանն անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածությանը՝ նշելով, որ դա զգայուն հարց է, և որ Հայաստանը կցանկանար այն թողնել քննարկումների ընդհանուր օրակարգում՝ բոլորի համար փոխադարձ ընդունելի որոշումների կայացման համար:

Ն. Փաշինյանից հետո այբբենական կարգով խոսքով հանդես են եկել նաև ԵԱՏՄ մյուս առաջնորդները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր