Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.87, EUR 547.37, RUB 7.30, GBP 609.92
+1 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռոբերտ Քոչարյանի նամակն՝ ամբողջությամբ
18:40, 07.12.2018

Րոպեներ առաջ Քոչարյանի պաշտպանը մամլո ասուլիսի ժամանակ ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակ-հայտարարությունը. «Սիրելիʹ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ: Ակնհայտ է, որ այն քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշման պայմաններում: Մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչն աննախադեպ էր: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլն առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր դատարանի որոշումը:

Տեղի ունեցողը հաշվեհարդար է, իսկական վենդետա՝ իմ և իմ ընտանիքի հանդեպ: Դա են ապացուցում նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայագրություննները: Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս ՀՀ-ում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև՝ քաղաքական հեռանկարներս, ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելուն անընդունակ ղեկավարին: Բացի այդ, պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել: Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը: Վստահ եմ նաև, որ ԼՂՀ-ն և ՀՀ-Ն ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի ու լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մետ ապագայում:

Շարունակելու եմ քաղաքական պայքարը նաև բանտում: Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը: Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում: Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել հանուն ազատության և արժանապատվության:

ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քչարյան»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր