ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Պրոբացիայի պետական ծառայությունում առկա են համակարգային խնդիրներ․ ՄԻՊ
20:20, 14.12.2018 | mamul.am
2800 | 1

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրապարակել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ արտահերթ զեկույց՝ հայերեն և անգլերեն։

Զեկույցը նախապատրաստվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ արտացոլելով Պրոբացիայի ծառայության բոլոր ստորաբաժանումներ իրականացված այցերի, հարցազրույցների, հարցումների արդյունքները: Զեկույցը պարունակում է Պրոբացիայի ծառայության գործունեության առկա վիճակի համապարփակ ուսումնասիրություն:

«Պրոբացիայի ծառայության ոլորտում առկա են համակարգային բնույթի խնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես տարբեր պետական մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցության անարդյունավետությամբ, այնպես էլ այդ ծառայության գործառույթների հիմքում դրված ոչ ճիշտ սկզբունքներով: Այս ամենը խոչընդոտում է Պրոբացիայի դերակատարությանը՝ իրականացնելու անձի վերասոցիալականացում և հասարակություն վերաինտեգրում: Այդուհանդերձ, կարևորում եմ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի հանձնառությունը մեր զեկույցի հիման վրա ոլորտում փոփոխություններ կատարելու հարցում»,- ասել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած այցերի և դրանց ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ բավարար չէ Պրոբացիայի ծառայողների աշխատանքի կազմակերպման նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կադրային համալրվածությունը՝ հատկապես մշտական հիմունքներով հոգեբանների և այլ մասնագետների ներգրավվածության առումով:

Պաշտպանը նշել է նաև, որ Պրոբացիայի առջև դրված խնդիրների լիարժեք լուծմանը խոչընդոտում են նաև հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, դատապարտյալների նկատմամբ հասարակությունում առկա կարծրատիպերը:

Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարված նաև քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության առկա խնդիրներին:

Դրանք վերաբերում են ինչպես ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների նկատմամբ վերահսկողությանը, Պրոբացիայի՝ օրենսդրական հիմքերի բացակայության պատճառով որոշ գործառույթների փաստացի չիրականացմանը, այնպես էլ ընդհանուր առմամբ քրեական քաղաքականության ու պատիժների համակարգի վերանայմանը:

Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման մոնիթորինգի իրականացում և գնահատում» ծրագրի շրջանակներում հրապարակված զեկույցում ներկայացվել են արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ։

Միջոցառման ժամանակ ներկայացվել են Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման մեթոդաբանությունը և շրջանակները, ծառայության կադրային և նյութական ռեսուրսների ոչ բավարար ապահովվածությունը ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ապահովումը. օրենսդրական և իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև ծառայության դերակատարությունը անձի վերասոցիալականացման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և էլեկտրոնային հսկողության գործընթացներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր