ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով՝ 184 հիվանդ». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
20:35, 06.01.2019 | mamul.am
7972 | 0

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։

Ես եղել եմ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Սուրբ Աստվածամայր և Արաբկիր բժշկական կենտրոններում, իսկ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ Մուրացան համալսարանական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններում։

Համաձայն ամենօրյա վիճակագրության՝ հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։

Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են նույն մակարդակի վրա։

Հանձնարարարել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասն օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչն անթույլատրելի եմ համարում։ Հետևաբար ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական և այլ նպատակներից, ունի նաև բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր