Եվրոպացի դիվանագետները հավանություն են տվել «Ռուսալ» և «En+» ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկմանը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկացի սենատորներին ուղղված նամակը: Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի և Շվեդիայի դեսպանները: Նրանց է միացել նաև ԱՄՆ-ում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը: «Ողջունում ենք գանձապետարանի վերջին գործողությունները՝ կապված «Ռուսալ» և «En+» ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հետ»,- ասվում է նամակում: Նրանց կարծիքով՝ այդ ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ ալյումինի ոլորտի վրա: Բացի այդ, համաձայն դիվանագետների հաշվարկների, մոտ 75 հազար մարդ կարող է մնալ առանց ապրուստի միջոցների: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ ընկերությունների բաժնետոմսերը թանկացել են: |