ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է միջազգային կինոարտադրողների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար
18:05, 12.01.2019 | mamul.am
7039 | 1

Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց:
Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:
Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է նաև հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր