ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արագածի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: |