ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ». Արծրուն Հովհաննիսյան
21:25, 17.01.2019 | mamul.am
3406 | 0

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցն արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն: Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր