ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Անպատասխանատու «բժշկի» չհիմնավորված միջամտության պատճառով ես նույնպես դարձա գրեթե հաշմանդամ». քաղաքացի
11:15, 22.01.2019 | mamul.am
15442 | 5

MAMUL.am-ի խմբագրությունը տարբեր բուժհաստատությունների հետ կապված բողոքներ և գանգատներ է ստանում քաղաքացիներից: Մեզ դիմած հերթական քաղաքացին Հ. Մարտիրոսյանն է, որի խնդիրը նույնպես ներկայացնում ենք:

«Ես նույպես հայտնվել եմ Աննա Սիրեկանյանի իրավիճակում: Կարդալով Սիրեկանյանի նյութը՝ կարծեցի իմ պատմությունն եմ կարդում. կատարվածն այլ ԲԿ-ում, այլ «բժշկի» կողմից է: Անպատասխանատու «բժշկի» չհիմնավորված միջամտության պատճառով ես նույնպես դարձա գրեթե հաշմանդամ»,- գրել է Հ. Մարտիրոսյանը:

Շարունակելով իր պատմությունը, մեր զրուցակիցը մանրամասնել է. «Առողջապահական սոցփաթեթի հետազոտության ընթացքում, աջ ծնոտիս տակ հայտնաբերեցին գոյացություն և ուղարկեցին արյան փոխներարկման հիվանդանոց, որտեղ մանրազնին հետազոտելուց հետո, հերքեցին կասկածները և խորհուրդ տվեցին դիմել ուռուցքաբանի: Գնացի «Արթմեդ» ԲԿ, որտեղ ինձ ուղարկեցին դիմածնոտային վիրաբույժ-ուռուցքաբան Արամ Գրիգորի Բադալյանի մոտ: Ինձ լսելուց հետո փորձեց պունկցիա անել, սակայն չստացվեց՝ ասելով, որ խորն է, անոթներն են վնասվում, անհրաժեշտ է վիրահատություն: Հաջորդ օրը եկա ուղեգրով, հերթագրվեցի, բարձրացա «բժշկի» մոտ և տեղեկացրի, որ 2 ամիս հետո է հասնելու հերթս: Առաջարկեց արագացնել՝ ասելով, որ մեծացող է և վտանգավոր: Ասաց՝ «2 ամիս հետո 150.000 դրամ ես վճարելու, ես հիմա պատրաստ եմ 120.000 դրամով վիրահատել՝ ձևակերպելով որպես բիոպսիա»: Ես ասացի. «Չէ՞ որ ապահովագրական գործակալությունը փոխանցում է գումարը», բժիշկը պատասխանեց. «Նրանց գները և մեր գները չեն համապատասխանում»: Ինչևէ, 2017թ. հուլիսին վիրահատեց, որից 1 ամիս չանցած նույն տեղում, նորից նույն ձևի գոյացություն հայտնվեց: Գնացի մոտը: Նայեց, ասաց, որ սա էլ հաջորդ թքագեղձի բորբոքում է, պետք է վիրահատել: Վստահեցի, հավատացի և համաձայնեցի: 18.10.2017թ.-ին կատարեց 2-րդ վիրահատությունը և դարձրեց հաշմանդամ: Մասամբ կորցրեցի խոսելու ունակությունս, հիշողությունս, ձախ կողմս թույլ էր, ստացա աթերոսկլերոզ հիվանդությունը, իսկ մի առավոտ էլ, երբ արթնացա, աջ աչքս 5-10 րոպե բոլորովին չէր տեսնում: Բարեբախտաբար, կամաց-կամաց վերականգնվեց: Դուրս գրելու օրը կանչել էր աղջկաս և ասել, որ անալիզի պատասխանն իրեն անհանգստացնում է, պետք է հետազոտվել: Գնացինք «Դավիդյանց» կենտրոն: Խորհրդակցելով գերմանացի կոլեգաների հետ, բժիշկները հայտնեցին, որ դա ոչ թե ուռուցք է, այլ պարագանգլեոմա, և վտանգավոր ոչինչ չկա:

Իմ հանգստության համար դիմեցի նաև ինձ բարեկամ բժշկի, ով խորհուրդ տվեց «կատե» անել «Նաիրի» ԲԿ-ում: Արեցի՝

ա) վիզ, գլուխ, բ) կրծքավանդակ, գ) որովայն, և ոչ մի կասկած չարձանագրվեց: Տվեցի նաև օնկոմարկեր անալիզը, որը նույնպես մաքուր էր»,- նշում է մեզ դիմած քաղաքացին:

Այնուհետև, նրա խոսքով՝ կատարվել է նաև վզի, գլխի դուպլեքս հետազոտություն և պարզվել, որ վիրահատության պատճառով խցանվել է աջ կողմի քներակը: «Այդ ժամանակ, դիմեցի «Ավագյան» ԲԿ բժիշկ-անոթաբան Տիգրան Սուլթանյանին: Նա 2017թ.-ի դեկտեմբերին կատարեց իմ 3-րդ վիրահատությունը ու ես փրկվեցի հրաշագործ բժշկի շնորհիվ»:

Կից ներկայացնում ենք Հրածին Մարտիրոսյանի բժշկական փաստաթղթերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն (+374(10)55-20-59) կամ գրել նամակ (info@mamul.am):

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր