«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»,- ժամանակին ասել է Առնո Բաբաջանյանը: Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 99-ամյակը: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ «Լույսի և ուրախության կոմպոզիտոր». այսպես էին կոչում նրան իր ժամանակակիցները: Լույսի և ուրախության կոմպոզիտորը Երաժշտական տաղանդը դեռ վաղ մանկությունից է երևացել: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»,- պատմել է կոմպոզիտորը: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» գործերը: Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր: Գրել է նաև երաժշտություն թատրոնի և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները», «Հարսնացուն հյուսիսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Երջանկության մեխանիկան»: «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- իր մասին խոստովանել է Առնո Բաբաջանյանը: Լույսի և ուրախության կոմպոզիտորը Առնո Բաբաջանյանը մահացել է է Երևանում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։ |