Mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 487.51, EUR 550.11, RUB 7.32, GBP 624.60
-4 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Տիկին Հովսեփյանը չգիտի, որ վարչապետը ՀՀ ԱԺ պատգամավորի վերադասը չէ». Սարգիս Միքայելյան
02:10, 12.02.2019

Վերլուծող Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակապես չէի ուզում որևէ կերպ անդրադառնալ տիկին Սոֆյա Հովսեփյանի անպատասխանատու արտահայտություններին...
Սակայն, զուտ հետարքրությունից դրդված, նայելով նրա հարցազրույցը Ֆակտոր.ամ-ին, տեսա, որ իմ քաղաքացիական հանդուրժողականությունը և «սիրո ու համերաշխության» ջիղը տեղի են տալիս...
Որ պարզ լինի, թե ինչ ինտելեկտուալ մակարդակ է ներկայացնում պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ներքևում տեղադրում եմ իր իսկ հարցազրույցից բառացի մեջբերումներ:
Եվ ընթերցողները, ինչպես նաև նրանք, որ չեն ալարի և կդիտեն վերոնշյալ հարցազրույցը, թող պատկերացում կազմեն այն մասին, թե ու՛մ դեմ են «պայքարում» կամ ու՛մ են սատարում, հասկանան, թե տիկին պատգամավորն ինչքա՛ն պատկերացում (չեմ ասում գիտելիք. սոսկ պատկերացու՛մ) ունի տնտեսությունից, կառավարումից, Արցախյան հարցից և դրա պատմությունից և այլն... Եվ ներողություն եմ խնդրում մեջբերումներից հետո իմ դիտողությունների համար, որոնք թեև երկարացնում են տեքստը, ես ուղղակի չէի կարող դրանք չանել...
Եվ այսպես.
« ... արդյունաբերության կոտորածը սկսվեց հենց այդ ժամանակահատվածում» (հետպատերազմական ժամանակների մասին է խոսում)... «Ես կարծում եմ, որ որևէ արդյունաբերություն պատերազմից չտուժեց...»: «Որևէ գործարան մինչ օրս չի պայթՎել (վայ, խե՜ղճ հայոց լեզվի ուսուցիչ...) հակառակորդի ռմբակոծությունից, բայց փաստացի պայթՎեց սխալ քաղաքականությունից...»
- Իհարկե՛, եթե գործարանը չի պայթՎել (ինչպես նա է ասում), ուրեմն՝ որևէ արդյունբերություն պատերազմից չի տուժել: Շուկաների կորուստը, պատերազմի պատճառով շրջափակումները, վերջինիս պատճառով՝ էներգետիկ ճգնաժամը, տնտեսությունում ռեսուրսների վերաբաշխումը պատերազմի կարիքների սպասարկման համար, աշխատուժի՝ ճակատ մեկնելը, և այլն - այդ բոլորը տեսնես ի՞նչ կապ ունեն արդյունաբերության հետ... Ըստ պատգամավորի՝ ոչ մի:

«...բնական է, որ երկիրը ցնցում էր ապրում, բայց պատերազմից անմիջապես հետո, երբ արդեն իսկ կար երկրի ղեկավարման խնդիր, հա, ես հասկանում եմ, որ արցախյան հարց կար և այլն և այլն, բայց որևէ կերպ գործարանների ավերման գործընթացին ոչ պատերազմը, ոչ որևէ մի բան չխանգարեց ...»
- ... Դե, ինչպե՞ս կարող էր պատերազմը խանգարել ինչ-որ բանի ավերմանը: Կարող էր միայն նպաստել, երևի: Եվ պարզվում է, որ «պատերազմից անմիջապես հետո արդեն իսկ կար երկրի ղեկավարման խնդիր»: Պատերազմների ժամանակ, սովորաբար, երկրների ղեկավարման խնդիր չի լինում, հավանաբար, ըստ պատգամավորի, երկրներն այդ ժամանակ ինքնաղեկավարվում են: Սա՝ ձևակերպումների և ընդհանրապես լեզվական կուլտուրայի մասով: Թերևս, հարգելի տիկին Հովսեփյանի հայոց լեզվի ուսուցիչը քիչ է ժամանակ հատկացրել նրան...
Իսկ եթե անդրադառնանք բովանդակային մասին, ապա, ըստ պատգամավորի, իհարկե՛, մակրոտնտեսական իմաստով այնպիսի պուճուր, աննշան բանը, ինչպիսին պատերազմն է, ինչպե՞ս կարող է ազդել տնտեսության, գործարանների և այլն բաների վրա... Այդ ո՞վ է տեսել, որ երբևէ ազդեն...

« ... հրադադարի պայմանագիր կնքվեց: Ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ տեղի ունեցավ այդ ժամանակահատվածում. բանակցություննե՛ր, այո՛: Հիմքը որպես այդպիսին, հենց թեման՝ այլևս զիջելու, պետք է դրվեր այն ժամանակահատվածում ինչ-որ բանի զիջելու մեր կողմից, որՏԵՎ մենք արդեն իսկ զիջել էինք, այո, և ավելին ասեմ՝ մենք արդեն իսկ զիջեցինք Նախիջևան... »
- Մեկնաբանելու կարիք կա՞ այս մտքերի հորձանուտը: Թերևս, միակ նորությունն այն էր, որ մենք Նախիջան ենք արդեն իսկ զիջել այդ ժամանակ... Իսկ այս բառակույտը՝ «Հիմքը որպես այդպիսին, հենց թեման՝ այլևս զիջելու, պետք է դրվեր այն ժամանակահատվածում ինչ-որ բանի զիջելու մեր կողմից», երևի խնդրենք մեկնաբանեն նեյրոլինգվիստները, եթե պատրաստ են:

«.... Հնարավոր է բանակցել՝ առանց տարածքները փոխանակելու կամ զիջելու, իհարկե, բանակցությունների մեջ միայն փոխզիջումը չկա, բանակցությունների մեջ կան մի քանի մեխանիզմներ, և ես կարծում եմ, որ էստեղ կապված է թե տվյալ երկիրը որքանով է գնահատում իր ուժը, իր շահը, իր կարողությունները ... Ցավալի փաստ է, որ տարիներ շարունակ հենց այս մոտեցումնե է ունեցել, հա, այս մոտեցմամբ էլ առաջնորդվել են և այսօր մենք ժառանգել ենք մի վիճակ, որ բանակցությունների գործընթացը արդեն իսկ ընթացել է և կա արդեն էն վիճակը, որ քննարկվում է օրակարգային այսպես ասած փոխզիջումները»:
- Ըստ էության, տիկին Հովսեփյանը տեղյակ էլ չէ, որ բանակցային ցանկացած առաջարկ ենթադրել է և, վստահաբար, ենթադրելու է ազատագրված տարածքների վերադարձ (ընդ որում պատգամավորը իր խոսքում դրանք անվանում է գրավված)՝ ինչ-որ պայմաններով, ինչ-որ բաների դիմաց: ՀՀ-ն ուզում է, որ դա լինի Արցախի անկախության ճանաչումը: Ադրբեջանը համաձայն չէ անկախության ճանաչմանը, և առաջարկում է, օրինակ, «լայն ինքնավարություն»: Ազատագրված տարածքներից ՀՀ ԶՈՒ դուրս բերումը եղել է միշտ և մնում է բանակցային գործընթացում քննարկվող ամենախրթին հարցերից մեկը. մյուս խրթինը՝ դա հենց կարգավիճակն է և դրա ապահովման, ինչպես նաև անվտանգության մեխանիզմները: Մնացած հարցերը զուտ տեխնիկական են՝ տեղահանվածների վերադարձ, հանրաքվեի ժամկետներ և այլն: Գիտե՞ր, տեսնես, տիկին պատգամավորը...

«... վարչապետը... առաջինն էր, որ հստակ միջազգային կառույցներում բարձրաձայնեց Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին...»
- Սա կամ պարզ սուտ է, կամ անտեղյակության արդյունք: ԼՂՀ-ն եղե՛լ է բանակցությունների կողմ, մինչև Քոչարյանի կողմից նրա դուրսմղումը... Տեսնես՝ ու՞մ ջրաղացին է ջուր լցնում պատգամավոր Հովսեփյանը:

«...մենք պատրսատ չենք զիջումներ ասվածը տեսնել հողերի հանձնման տարբերակով...»
- Իսկ ուրիշ ի՞նչ ունենք զիջելու: Կամ լինելու են փոխզիջումներ, կամ հարցը չի լուծվելու, ՀՀ-ն և Արցախը մնալու են պերմանենտ պատերազմի վիճակում:
Եթե հարցը լուծվելու է (ինչպես, հուսով եմ, ենթադրում է տիկին պատգամավորը), և, տեսականորեն, Ադրբեջանի կողմից զիջումը լինելու է Լաչինի միջանցքը և Արցախի կարգավիճակը, ապա ի՞նչն է լինելու մե՛ր կողմից զիջումը? Կա այլ բան, որ Ադրբեջանը կհամաձայնի և, միաժամանակ, հայ ժողովուրդը կուզենա տալ? Ի՞նչ է կարծում հարգելի պատգամավորը:

« ... ես այսօր արդեն Ազգային Ժողովի պատգամավոր եմ և ես ամրապնդում եմ իմ դիրքերը այդ առումով նույնպես, ասելով, որ այո, ես մնում եմ իմ կարծիքին և դիրքորոշմանը...»:
- Եթե այստեղ կա կառուցիկ միտք, ապա լավ: Իսկ եթե ոչ, ապա ես ափսոսում եմ տիկին պատգամավորի հայոց լեզվի ուսուցչի ջանքերը...
«... Իմ ամենամեծ ափսոսը այն էր...», - կրկին ափսոսում եմ տիկին Հովսեփյանի հայոց լեզվի ուսուցչի՝ ապարդյուն անցած ջանքերը...

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ Նիկոլն ասի, թե՝ տիկին Հովսեփյան, պետք չի այլևս այդ մասին խոսել», տիկին Հովսեփյանը պատասխանում է.
«Իհարկե, հնարավոր համարում եմ և հարգում եմ այդ կարծիքը, և եթե նման առաջարկ լինի... ես հարգելով իմ վերադասի կարծիքը, ես սիրով կընդունեմ...»
- Տիկին Հովսեփյանը չգիտե, որ վարչապետը ՀՀ ԱԺ պատգամավորի վերադասը չէ: Նա անգամ խմբակցության ղեկավարը չէ, ինչով կարելի լիներ մի կերպ արդարացնել «իմ վերադաս»-ը: Պատգամավորն անկախ է, ախր... Բայց դա էլ մի կողմ. ստացվում է, որ պատգամավորը կարող է, գաղափարապես համոզված, հպարտ և առանց կասկածի որևէ նշույլ ցուցադրելու, խոսել ինչ-որ բաների մասին, խի՛ստ կարևոր բաների մասին, բայց հենց վարչապետն ասի, որ էլ պետք չի այդ մասին խոսել, նա «հանգիստ նստի տեղը»: ... Ժողովրդական կամքի չքնա՛ղ արտահայտող է մեր պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր