ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Չէի մտածում, որ քաղաքապետը կարդարացներ ՀՀԿ-ական կեղծարարների գործունեությունը». Դավիթ Խաժակյան
14:40, 12.02.2019 | mamul.am
4039 | 3

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօրվա ավագանու նիստին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարար Սամվել Ղումաշյանը շարունակում է աշխատել:

«Հանրությանը մենք պետք է պատասխանենք, թե ինչպե՞ս ենք շարունակելու մեր գործունեությունն այդպիսի անձանց մասնկացությամբ»,- ասաց Խաժակյանը՝ հիշեցնելով վերջինի հետ կապված միջադեպերի մասին: Նրա խոսքով՝ Ավան վարչական ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը ներգրավված է եղել Հանրապետական կուսակցության ընտրությունների կազմակերպման ընթացքում:

«Ես կփորձեմ ներկայացնել նրա կենսագրականից մի քանի դրվագ, որ կարևոր եմ համարում, որ հանրությունը տեղեկանա: Քանի որ վերջերս լրատվամիջոցների տեղեկատվությունը հերյուրանք է համարվել, ես որոշեցի օգտվել «Հայկական Ժամանակ» թերթից: 2018 թվականի չորրորդ ամսին թերթում հրապարակեց մի հոդված, որտեղ նշված էր, թե Ավանում ջարդել են երթի վերջից գնացող 150-180 հոգու մեքենաները, ծեծել երիտասարդներին»,- նշեց «Լույս»-ի անդամը՝ հավելելով, որ 2017-ի ընտրությունների ժամանակ Սամվել Ղումաշյանը զբաղվել է ընտրակեղծարարությամբ, և ինքն անձամբ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն:

Պատասխանելով Դավիթ Խաժակյանին, քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց իրավապահ մարմիններին աշխատել այս ուղղությամբ. «Եթե անձն անգամ ունեցել է այդպիսի խնդիրներ իր անցյալում և շարունակում է այս պահին աշխատել, ուրեմն նրա ծառայությունն այս պահին պետք է քաղաքին: Այդ թեմայով բազմիցս խոսակցություն է եղել: Մեր բոլորի խնդիրը համակարգի սահուն, անցնցում անցումն է՝ հնից նորին և ապա փոփոխություններով գնալ մինչև լավացումը»,- ասաց քաղաքապետը:

Արձագանքելով քաղաքապետին, Դավիթ Խաժակյանը նշեց, որ կակնկալեր քաղաքական պատասխան քաղաքապետից, քանի որ իրավապահների տեղն ու նրանց դիմելու ձևն ինքն էլ գիտի: «Ձեր պատասխանը, թե անցնցում անցում պետք է լինի, դիսոնանս է առաջացնում...Ես, անկեղծ ասած, չէի մտածում, որ քաղաքապետը կարդարացներ ՀՀԿ-ական կեղծարարների գործունեությունը քաղաքապետարանում»,- պատասխանեց Խաժակյանը՝ քաղաքապետին խորհուրդ տալով դիտել վերոնշյալ անձի հետ կապված բոլոր տեսանյութերը: «Ես տեղյակ եմ այդ ամենից, բայց վարչական շրջանի աշխատանքները ղեկավարում է վարչական շրջանի ղեկավարը, և ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը»,- եզրափակեց Հ. Մարությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր