ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները». Էրդողան
19:40, 12.02.2019 | mamul.am
3681 | 1

«Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ, գրում է Ermenihaber.com-ը՝ հղում անելով Anadolu ajansı-ին: Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը:

Քաղաքը կարևոր դեր ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ 1919 թվականին սկսած ազգայնամոլական (Քեմալական) շարժման մեջ: 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) Քեմալի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» կոնգրեսը (Սվասի կոնգրես), որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչել Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է արել՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Սեբաստիայի, ինչպես և դրան նախորդած Կարինի (Էրզրումի) կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։

«Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելը իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր