Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին: Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ: Երևանի կենդանաբանական այգին կունենա կոլեգիալ կառավարման մարմին՝ Խորհուրդ Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հավանություն է տվել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագծին: Այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ: Երևանի ավագանու հերթական նիստին այսօր հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 19-ին: |