ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ծանրամարտն առանց ինձ մի փոքր տուժվել է». Արտաշես Ներսիսյան
22:55, 14.02.2019 | mamul.am
3459 | 0

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունից հետո հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց մրցման արդյունքները։

«Այսօր որևէ մեկը կիլոգրամներ ցույց չտվեց։ Լավագույն մարզուհիները 1-2 մոտեցում կատարեցին։ Դրանով ոչինչ չի ասվում։ Ընդհանուր առմամբ նորմալ է, հավաքների են մարզուհիները, նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը։ Ժամանակը կգա, կհավաքենք նորմալ թիմ ու կսկսենք աշխատել»։

Անդրադառնալով այն թեմային, թե երբ է վերադառնալու իր պաշտոնին, Ներսիսյանը նշեց․ «Որոշումը ես չեմ ընդունում, որ ասեմ երբ կվերադառնամ պաշտոնիս։ Որոշումը կընդունի ֆեդերացիան, երբ ընդունի։ Ես միշտ պատրաստ եմ։ Ֆեդերացիան կասի վաղվանից կգաք, ես վաղվանից կգամ։ Ես ֆեդերացիայի անդամ եմ, մարզիչ»։

Հարցին, ցանկանում է, արդյոք, վերադառնալ հավաքականի ղեկին, Ներսիսյանը պատասխանեց․ «Բա ոնց թե։ Ես երբեք էլ ֆեդերացիայից չեմ կտրվել, միշտ հետևել եմ, տեսել եմ, երեխաների հետ կապի մեջ եմ եղել։ Պարզապես ֆեդերացիան այդպես է որոշել, ես էլ հլու-հնազանդ ենթարկվել եմ ֆեդերացիայի որոշմանը։ Ասել եմ, որ պատրաստ եմ ֆեդերացիայում կատարել յուրաքանչյուր աշխատանք, որն օգուտ է Հայաստանի հավաքականին։ Կանանց հավաքականի հիմնադիրներից մեկը ես եմ եղել, ես ո՞նց կարող եմ անտարբեր լինել այս մարզաձևի նկատմամբ։ Իհարկե, մարզաձևն առանց ինձ մի փոքր տուժվել է, մի փոքր փոփոխական լինի, բայց ամենավերջում ամեն ինչ իր տեղը կգա ու կլրացնի։ Մենք լավ թիմ ենք ունեցել։ 2016-ին Եվրոպայի թիմային չեմպիոն ենք դարձել։ Այս ամենը պարզապես վերցնել ու գցել աղբամանը շատ սխալ է։ Պետք է վերականգնենք ամեն ինչը։ Մենք հայ ենք, մեր արյան մեջ կա գենետիկական ուժը, չենք կարող այս ամենը թողնել քմահաճույքին։ Չի կարելի։ Սա իմ կարծիքն է»։

Խոսելով հավաքականի ներկայիս վիճակի ու առաջիկա ծրագրերի մասին՝ Ներսիսյանը նշեց․ «Իհարկե շատ դժվար է։ Պետք է սկսենք 0-ից։ Մեծերից դեռ կարելի է արդյունք ստանալ՝ Իզաբելլան Յայլյան լավ հնարավորություններ ունի։ Արփինե Դալալյանը, հնարավոր է, ինչ-որ բան անի երիտասարդների պայքարում։ Տաթև Հակոբյանի համար էլ դեռ ուշ չէ, իհարկե տարիքն իրենն ասում է, բայց դեռ կարող է փորձել։ Իմ կարծիքով կարելի է նրանց մի փոքր թարմացնել։ Կան նաև խոստումնալից մարզուհիներ, հումքը կա, որից կարելի է ստեղծել լավ ապրանք, որը կարելի է արտահանել միջազգային ասպարեզ։ Հումք ասելով նկատի ունեմ՝ Ալեքսանդրային, Ծովինարին, Լուիզային, Ջուլիետային, Մարգարիտային, ում մեդալի փայլը աչքերը խամրեցրել է։ Պետք է լուրջ աշխատել ու ստվերում կանգնել։ Չի կարելի այդպես»։

Կատարինե Այդինյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր