ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Արդյունք», «արդյունքում» բառերի գործածության մասին
21:20, 18.02.2019 | mamul.am
3346 | 0

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «արդյունք» և «արդյունքում» բառերի գործածության մասին. «Ի՞նչ իմաստ ունի «արդյունք» բառը և ի՞նչ իմաստով է կիրառվում. արդյոք ունի՞ «հետևանք» («հետևանքով»), «պատճառ» («պատճառով») բառերի իմաստները: Իհարկե, այո՛: Դա են վկայում բառարանները: Իսկ եթե ունի, նշանակում է՝ կարող է նաև դրանց փոխարինել, մանավանդ որ բառարաններում այս բառերի ոճական առանձնահատկությունների մասին ոչինչ ասված չէ: Ահա հենց այս պատճառով էլ ծագում են հարցեր, որովհետև հարկ է լինում ապացուցելու, որ «արդյունք» բառը, ունենալով «հետևանք» և «պատճառ» բառերի իմաստները, այնուամենայնիվ, ունի մի կարևոր յուրահատկություն: Նրա մեջ կա դրական հետևանքի իմաստ, ուստի չի կարող գործածվել այն դեպքերում, երբ խոսքը որևէ գործողության հաջորդած բացասական հետևանքի մասին է: Ծագում է հաջորդ հարցը. իսկ ինչպե՞ս ապացուցել, որ նրա արտահայտած իմաստը դրական է: Պարզաբանենք: Չկա արդյուն(ք)-ով կազմված բառ (բացառությամբ ժխտական նախածանցներով կազմվածների), որ դրական իմաստ չունենա: Օրինակ՝ արդյունավետ, արդյունաշատ, արդյունաշահ, արդյունատու, արդյունալի, արդյունարար և այլն: Կարծում ենք՝ հենց այս փաստարկն էլ ասվածի ապացույցն է: Ապացույց են նաև ժխտական ածանցներով կազմված բառերը. ան- և ապ- նախածանցները «ապարդյուն» և «անարդյունք» բառերում «արդյունք»-ի դրական իմաստն են ժխտում։ Այժմ մեր խոսքի սկզբում արծարծած հարցը քննարկենք օրինակներով: Նախ անենք մեջբերումներ, որոնցում գործածվել են «արդյունք» և «արդյունքում» բառերը.

«Ես համոզված եմ, որ կատարվածը թյուրիմացության արդյունք է»:

«Անորակ ասֆալտն ու «անհետացող» բնակարանները վատ կառավարման արդյունք են»:

«Նավակում եղած մարդկանց թվաքանակը նախատեսվածից ավելին է եղել, ինչի արդյունքում էլ նավակը սուզվել է»:

«Ռազմակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է հինգ զինվորական»:

«Ողբերգական դեպքի արդյունքում տղամարդը մահացել է»:

«Միջադեպի արդյունքում 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց»:

Տվյալ օրինակներում եղածի, կատարվածի հետևանքը վատ է եղել, նույնիսկ շատ վատ: Մի դեպքում սուզվել է նավակ, մյուս դեպքում տուժել են մարդիկ, մեկ այլ դեպքում եղել են զոհեր: Այսինքն՝ կատարվել է այնպիսի բան, որը դրական հետևանք, արդյունք չէ: Մեջբերած բոլոր օրինակներում արդյունք-ի փոխարեն պետք է գործածվեին «պատճառով» կամ «հետևանք» / «հետևանքով» բառերը. «…կատարվածը թյուրիմացության հետևանք է», «… որի պատճառով էլ նավակը սուզվել է», «Ողբերգական դեպքի հետևանքով տղամարդը մահացել է» և այլն:

Այսպիսի սխալների պատճառը ռուսերենից բառացի թարգմանություններն են: Սակայն նկատենք, որ ռուսերենում результат-ը գործածվում է և՛ դրական, և՛ բացասական հետևանքների դեպքում: Հանգամանք, որը պետք է անպայման նկատի ունենալ: Սխալի պատճառ է դառնում «в результате» կապային կառույցի բառացի թարգմանությունը «արդյունքում» կապական բառով: Նման կառույցները հայերենի լեզվամտածողությանը հարազատ չեն։ «Արդյունքում» բառի այդպիսի կիրառությունից պետք է խուսափել՝ անկախ նրանից, թե ի՛նչ հետևանք է ունենում կատարված գործողությունը՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Այսինքն՝ պետք է ասել, օրինակ, ոչ թե «Միայն լավ աշխատելու արդյունքում կունենանք զարգացած պետություն», այլ «Միայն լավ աշխատելով կունենանք զարգացած պետություն» կամ «Միայն լավ աշխատելու շնորհիվ կունենանք զարգացած պետություն»: Նկատենք, որ ռուսերեն «в результате» կապային կառույցի իմաստը հայերենում հաճախ արտահայտում է «որպես արդյունք» բառակապակցությունը, ուստի «в результате»-ն կարելի է հենց այդպես էլ թարգմանել։ Օրինակ՝ «Մենք պայքարել ենք հանուն ազատության։ Որպես արդյունք՝ (ոչ թե արդյունքում) այսօր ունենք անկախ պետություն», «Թիմը սկսել է լավ խաղալ և որպես արդյունք՝ (ոչ թե արդյունքում) զբաղեցնում է առաջին տեղը»։

«Շնորհիվ» բառը նույնպես ունի դրական իմաստ, և շատ դեպքերում գերադասելի է նրա գործածությունը: Այսպես. «Նավակը չի սուզվել նավավարի արագ

կողմնորոշվելու շնորհիվ (ոչ թե արդյունքում)», «Ահաբեկչությունը կանխվել է հմուտ գործողությունների շնորհիվ (ոչ թե արդյունքում)» և այլն:

Հավելենք նաև, որ երբեմն հանդիպում են «արդյունք» («արդյունքում») բառի գործածության այնպիսի դեպքեր, որոնք ճիշտ չեն ոչ թե վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, այլ այն պատճառով, որ պարզապես արդյունքի հարց չկա (ո՛չ դրական, ո՛չ բացասական, ո՛չ էլ չեզոք): Բերենք օրինակներ զանգվածային լրատվական միջոցների հրապարակումներից. «...վերջին մոնիտորինգի արդյունքներով՝ (փոխանակ՝ ըստ մշտադիտարկման տվյալների) նվազել են շաքարավազի, ձվի, կաթնամթերքի ու մի քանի այլ ապրանքների գները», «ԿԸՀ-ից ստացված պատասխանի արդյունքում (փոխանակ՝ պատասխանից) մի հարց էլ է առաջ գալիս՝ ի վերջո, ո՞վ է ԿԸՀ նախագահը», «…նախարարների՝ մարզեր կատարած այցերի արդյունքում ծագած (փոխանակ՝ այցերի ընթացքում) խնդիրների առնչությամբ ասաց վարչապետը»:

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

1. չանտեսել «հետևանք» / «հետևանքով», «պատճառ» / «պատճառով», «շնորհիվ» բառերը և չչարաշահել «արդյունք» բառի գործածությունը,

2. խուսափել «արդյունքում» բառաձևը որպես կապական բառ գործածելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր