ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Mezzo» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին
02:10, 20.02.2019 | mamul.am
2228 | 0

«Mezzo» դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Ֆիլմում Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող 18-ամյա ուսանողների աներևակայելի խիզախումը՝ համախմբումն ու նվագախմբի ստեղծումը։ «Մենք ուզում էինք ինչ-որ հատուկ բան անել, որը հետագայում մեզ միասին կպահի նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո»,- ֆիլմում պատմում է Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը։ «Mezzo»-ի հեռուստադիտողներին են ներկայացվում նաև հայկական երաժշտական արվեստը, մեր երաժիշտների կատարողական վարպետությունը։ Ֆիլմը նկարահանվել է 2018թ.՝ Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր