Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը՝ 1923թ. ապրիլի 15-ին: Սակայն կար մի բան, որի մասին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում՝ դիահերձման ժամանակ որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...»: |