ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մանրամասներ՝ Դիլիջանում հնչած կրակոցներից
17:00, 21.02.2019 | mamul.am
6044 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեկ երեկոյան Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, մի խումբ անձինք, Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին, ապօրինի պահվող 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ են արձակել Տավուշի մարզի՝ 1979թ. ծնված բնակչի կողմից վարվող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ 40-ամյա տղամարդու կողմից փախուստի դիմելու հետևանքով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել քննչական պլան:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի խումբ անձինք, կատարվել են ծավալուն այլ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հայտնաբերվել են 33 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ, դատարկ պահունակ և երկու հատ գնդակ:

Կատարվում են ծավալուն քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը և դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր