ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
««Լավրովի ծրագիրը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել». Ռիչարդ Հոգլանդ
14:30, 22.02.2019 | mamul.am
2463 | 0

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում:

«Նիկոլ Փաշինյանը նոր սերունդն է ներկայացնում, նրան ընտրել է նույնպես նոր սերունդը: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, որովհետև ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Հոգլանդը:

Նա համոզված է, որ Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է.

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա, այլ՝ հարցին քայլ առ քայլ մոտենա»:

Վերջին զարգացումները, այդ թվում կողմերի միջև ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը, Ռիչարդ Հոգլանդին զգույշ լավատեսության առիթ է տալիս, սակայն, լուրջ բեկում նախկին դիվանագետը խորհուրդ է տալիս չսպասել.

«Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի ծրագիրը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով: Հիմնական տարբերությունը դա հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում, ներառյալ Բաքվի շուրջ կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս ծրագիրն այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անց է կացվելու որևէ մի ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երևանը և թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»:

Հոգլանդի կարծիքով՝ բացի կողմերի միջև եղած լուրջ անհամաձայնություններից, տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.

«Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրված են այս հարցի կարգավորման մեջ: Կարծում եմ՝ Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ»:

Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարևոր լծակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր