ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Քննարկվել է «Շախմատ» առարկայի՝ դպրոցական ծրագրում լինել-չլինելու հարցը
19:50, 23.02.2019 | mamul.am
5119 | 2

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը, շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից է, սակայն միաժամանակ ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:

Նախարարին ներկայացվել են մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Առարկայի ներդրման արդյունավետությունը մասնագետները սկսել են ուսումնասիրել 2012 թվականից սկսած, այսինքն` ներդրմանը զուգահեռ: Կատարվել է բազմակողմ հետազոտություն` ինչպես է ազդում շախմատի ուսուցումը երեխայի մտածողության, վարքի և առաջադիմության վրա: Մասնագետների համոզմամբ` շախմատը օգնում է սովորողների մտածողության զարգացմանը, ինչպես նաև նպաստում ինքնուրույնությանը: Առարկայի ուսուցումը դրական է անդրադառնում նաև երեխաների ընդհանուր առաջադիմության վրա: Մասնավորապես ուսումնասիրվել է, թե այլ առարկաներից ինչ առաջադիմություն ունեն 2-4-րդ դասարաններում շախմատ սովորած և չսովորած երեխաները: Արդյունքները փաստել են` շախմատ առարկան սովորած երեխաներն ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Բացի այդ` 2-4-րդ դասարանների սովորողների շրջանում կատարված հարցումների արդյունքներով՝ երեխաների մեծ մասը «Շախմատը» նշել են սիրված առարակների եռյակում: Հետազոտությունը կատարած մասնագետների գնահատմամբ` առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները պայմանավորված են ուսուցիչների գործոնով: Նախկինում «Շախմատ» առարկայի դասավանդման փորձ չի եղել: Այն դասավանդվել է խմբակի ձևով՝ որպես ֆակուլտատիվ պարապմունք: Նախկին խմբակավարները, որոնք հետագայում դարձան դասավանդող ուսուցիչներ, չէին տիրապետում ծրագրային նյութի դասավանդման մանկավարժական և մեթոդական հմտություններին:
Շուրջ 1278 ծնողների շրջանում կատարված ընտրանքային հարցման արդյունքները ցույց են տվել` ծնողների 70 տոկոսը գտնում է, որ շախմատը նպաստում է տրամաբանության զարգացմանը, սակայն միաժամանակ նրանց մի մասը դժգոհ է առարկայից, քանի որ տնային առաջադրանքները բարդ են, և իրենք դժվարանում են օգնել երեխաներին: Մյուս դժգոհությունն այն է, որ աշակերտները հիմնականում շախմատից ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան մնացած առարկաներից, իսկ դա բացասական է անդրադառնում միջին գնահատականի վրա: Որպես տնային առաջադրանք տրվող խնդիրները ինքնուրույն կարողանում են լուծել երեխաների 38 տոկոսը, 62 տոկոսը դիմում է ծնողների օգնությանը, իսկ ծնողների 29 տոկոսը դժվարանում է օգնել երեխաներին: Հարցման ընթացքում ծնողները որոշ առաջարկություններ են ներկայցրել, այդ թվում նաև առարկայի ուսուցումը 3-րդ դասարանից սկսելու վերաբերյալ: Հարցման մասնակիցներից ընդամենը 4-ն են առաջարկել` շախմատը հանել դպրոցից:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են մի քանի այլ հետազոտություններ ևս: Բացի այդ` «Շախմատ» առարկայի ներդրումը պետական կրթական ծրագրում առաջացրել է հետաքրքրություն միջազգային մասնագիտական և գիտական շրջանակներում:
Ամփոփելով հանդիպումը` Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ ի սկզբանե առարկայի ներդրման նպատակը եղել է ոչ թե շախմատիստներ պատրաստելը, այլ սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը նպաստելը:
Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, իրականացնել քայլեր՝ առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր