ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք չենք հապաղելու և, ինչո՞ւ ոչ, հարձակվելու ենք». Դավիթ Տոնոյան
12:10, 26.02.2019 | mamul.am
8654 | 1

Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն տա: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով ուժերի հավասարակշռության մասին, նախարարն ասել է.

«Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»:

«Պաշտպանվող բանակը միշտ պարտություն է կրում: Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում: Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, մենք չենք հապաղելու և, ինչո՞ւ ոչ, հարձակվելու ենք»,- նշել է պաշտպանության նախարարը:

«Գաղտնիք է»,- ասել է Դ. Տոնոյանը՝ պատասխանելով Ռուսաստանից սպառազինություն գնելու համար նոր վարկ վերցնելու մասին հարցին:

Խոսելով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու թեմայի մասին, Դավիթ Տոնոյանն ասել է.

«Այս մարդասիրական օգնությունը, ևս մեկ անգամ կրկնեմ, ցանկացած երկրում օրինաչափ է: Այս կամ այն երկրի արձագանքը, դրական թե բացասական, իհարկե, ժամանակի խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի: Մեր գործողությունը միայն մարդասիրական է»:

Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս, նախարարն ասել է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական մարմին լինեն: Հարցին, թե արդյո՞ք բանակը երաշխավորված է, և չի լինի այնպիսի իրավիճակ, որ զորքերը մտնեն Երևան, նախարարը պատասխանել է.

«Նախ երաշխավորված է օրենսդրությամբ, սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Շատ շնորհակալ եմ, որ պարոն վարչապետը ևս համակարծիք է ինձ հետ»:

«Զինված ուժերը, այո, օգտագործվել են: Քանի որ այժմ նախաքննություն փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, կխուսափեմ որևէ գնահատական տալուց, բայց այն, որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մարտի 1-ին զինված ուժերը մասնակցություն ունեցել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր