Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 480.03, EUR 537.15, RUB 7.44, GBP 609.35
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սրճարանային հանգիստը քաղաքային մշակույթի անբաժանելի մասն է». Սերոբ Անտինյան
04:05, 15.03.2019

Կառավարման մասնագետ Սերոբ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրճարանային հանգիստը քաղաքային մշակույթի անբաժանելի մասն է: Սրճարաններ կան եվրոպական բոլոր քաղաքներում: Եվ՝ շատ... Բայց՝ ԻՆՉՊԻՍԻ՞...

Փոքր ու անբռնազբոս, չճնշող, առանձնապես տարածք չգրավող, քաղաքի, նրա կյանքի ռիթմի հետ ներդաշնակ ու իրապես մարդկանց հանգստին ծառայող: Մեզ մոտ, սակայն, ինչպես ամեն ինչը, այս խնդիրն էլ՝ տարիների ընթացքում այլասերվել, խեղափոխվել, յուրօրինակ չտեսության ու քաղքենիության տարրեր է ձեռք բերել: Սրճարաններն իրապես հանգստի ու զրուցելու վայրերից վեր են ածվել «էլիտարացավության» ու ցուցամոլության յուրատիպ օբ(յ)եկտների: Մի քանի նկատառում:

1. Սրճարաններ քաղաքում պիտի լինեն, բայց դրանք չպիտի լինեն այնպիսի մշակութային կարևորագույն հաստատությունների անմիջապես կողքին, ինչպիսին է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ոչ ոքի մտքով չի անցնի Կովենտ Գարդենի կամ Գրանդ Օպերայի (Գարնիե) կողքին սրճարաններ բացել: Սա քաղաքային ճարտարապետության և քաղաքաշինության, ենթակառուցվածքների կազմակերպման աքսիոմ է:

2. Սրճարանները պիտի լինեն քաղաքին համաչափ՝ փոքր ու կոմպակտ, չճնշող, մարդկանց «շնչին չնստող», իրապես հարմարավետ ու գեղեցիկ: Ներկայիս սրճարանների ահռելի չափերը, շքեղ կահավորանքը, արևելյան «խանական» ու «սուլթանական» մշակույթը՝ փափուկ բազմոց-բազմաթոռներով, մութաքաներով ու նարգիլեներով խոր հակակրանք է առաջացնում, և որևէ կերպ չի կարող ներդաշնակվել արդի քաղաքակրթական չափումների, մեր երազած Երևանի հետ:

3. Եվ նորից, փոփոխությունները «կացնային» լուծելու հարկ չկա: Հստակ ձևակերպեք խնդիրը, մարդկանց տվեք ժամանակ, առաջարկեք այլընտրանքներ, մշակեք մեխանիզմներ անցնցում, պետության համար տնտեսապես ձեռնտու եղանակով իրակացնել այդ անցումը:

Հ.Գ. Կենտրոնի կաֆեները կվերանան, բայց «կոֆեկենտրոնը» կմնա հարյուրավոր «էլիտար» երևանցիների սրտերում...

Հ.Հ.Գ. «Լավ գիր է,- տխրեց Վռամշապուհը,- գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոք ոչինչ չի հրամայում: Մեզանից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա ներամփոփ, խոհուն և իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է և միայն Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է:» Հր. Մաթևոսյան»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր