Մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձել էի անմարդկային պայմաններով սպառողական վարկերի տրամադրման խնդրին, որի հիմնական «մեղավորները» վարկային կազմակերպություններն են, այնուհետև գրավատները: Մարտի 21-ին, ի ուրախություն ինձ, կառավարության նիստի ժամանակ անդրադարձ եղավ այդ խնդրին: Պարզվեց, որ Վարչապետը իրականում տեղյակ չի, որ հանրապետությունում տրամադրվում են վարկեր, որոնց փաստացի տոկոսադրույքը հարյուր կամ մի քանի հարյուր տոկոսի է հասնում: Տպավորություն կար, որ ԿԲ նախագահն ու Փոխվարչապետը ամեն ինչ անում էին, որ թերի զեկուցեն Վարչապետին, լիարժեք պատկերը վերջինիս չներկայացնեն և արագ անցնեն այլ թեմաների: Հատուկ պարոն Վարչապետի համար՝ 1. Վարկային կազմակերպությունները այսօր տրամադրում են վարկեր կամ փոխառություններ, որոնց փաստացի տոկոսադրույքը տարեկան հասնում է մեկ կամ մի քանի հարյուր տոկոսի: Փաստացի տոկոսադրույք նշանակում է, որ անվանական տոկոսադրույքին ավելանում են սպասարկման, կոմիսիոն, կանխիկացման, տրամադրման և այլ մտացածին ծառայությունների համար վճարներ: Արդյունքում մարդը կարող է վերցնել երեք հարյուր հազար դրամ վարկ և մեկ տարվա համար ստիպված լինի հետ վճարել մեկ միլիոն դրամ: 2. Գրավատները «դաժանությամբ» զիջում են վարկային կազմակերպություններին և զբաղեցնում են երկրորդ «պատվավոր» հորիզոնականը: Իրենց մոտ, որպես, կանոն տարեկան հարյուր տոկոսը չի գերազանցում: 3. Ոլորտում օրենսդրությունը այնպիսին է, որ հանգիստ կարելի է զբաղվել օրինական վաշխառությամբ: Բնական է, որ այն գրվել է նախորդ իշխանությունների կողմից և իրենց համար: Քրեական օրենսգրքով նախատեսված վաշխառության հիմքում վարկի անվանական տոկոսն է, որն այս դեպքում հանգիստ շրջանցվում է: Գոյություն ունի նաև 2008-ին ընդունված «Սպառողական կրեդիտավորման» մասին ՀՀ օրենքը, որով պարզապես սահմանված է փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և վարկառուին պարտադիր ծանուցելու պահանջը, սակայն առավելագույն շեմի սահմանափակում չկա: 4. Այս վարկատեսակների «առավելությունն» այն է, որ դրանք տրամադրվում են շատ արագ, առանց երկար փաստաթղթային քաշքշուկների: Դրանցից օգտվում են մարդիկ, որոնք գտնվում են խիստ կարիքի մեջ տվյալ պահին, որոնց ինչ-ինչ պատճառներով գումարը հարկավոր է շատ հրատապ: Աղքատության և գործազրկության այս պայմաններում նման մարդիկ շատ կան Հայաստանում: Սա նման է անապատում ջուր վաճառելուն, իսկ նման բիզնեսի տերերը պատահական մարդիկ չեն լինում: ԿԲ նախագահ Ջավադյանը նիստի ժամանակ թեթևակի նշեց, որ վաղ անցյալում առաջարկել են կառավարությանը սահամափակել տոկոսադրույքների վերին սահմանաչափը, բայց վերջիններս ընթացք չեն տվել: Հարց է առաջանում՝ «բա հիմա ինչի՞ չեք առաջարկում, հիմա էլ հո Կառավարությունը մտահոգված է ժողովրդի ճակատագրով, հիմա էլ հո չկան բիզնեսմեն պաշտոնյաներ»: Բոլորն էլ աշխատավարձով են ապրում, մեկ-մեկ էլ պարգևավճար են ստանում: Փոխվարչապետ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ վարչարարությամբ այս հարցը չարժի լուծել: Բա էլ ի՞նչ անեն պիտի ժողովրդի հանդեպ, որ իմաստ ունենա վարչարարությամբ միջամտելը: Պարոն Փաշինյան ջան, պարզեք Ձեր համար, թե տնտեսական թևի այս ղեկավարներին որքանո՞վ է հետաքրքրում տնտեսական հեղափոխության հեռանկարը:
«Բարեկեցիկ Հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյան |