ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեծ մոլորություն է, թե ջուխտ գեներալներին իշխանությամբ օժտելը կմեծացնի Արցախի անվտանգությունը»․ Վարդ Սիմոնյան
11:30, 15.04.2019 | mamul.am
3883 | 2

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, բարձրաստիճան զիվորականները պետք է զսպեն իրենց իշխանական ամբիցիաները և հեռու մնան առաջիկա ընտրություններին մասնակցելու գայթակղությունից: Ամենևին չուրանալով պատերազմական գեներալների վաստակը՝ քաղաքական և քաղաքագիտական շրջանակները պարտավոր են նրանց բացատրել, որ Արցախը կործանելու ավելի կարճ ճանապարհ չկա, քան քաղաքական ֆիդայությունը, որ միջազգային հանրությունը կատարվելիքը կարող է որակել որպես զինվորական-բյուրոկրատական դիկտատուրայի, ռազմական խունտայի ներդրում հակամարտության գոտում՝ ի չիք դարձնելով խաղաղ կարգավորման ամենավերջին հույսը, որ կառավարման մոդելը ժողովրդավար ինստիտուտներից զինվորական հիրարխիային փոխանցելը փաստարված ու աշխատող կդարձնի տարածքային էքսպանսիայի մասին ադրբեջանական թեզը, որ 21-րդ դարում զինվորականությանն իշխանություն հանձնելն առնվազն բռնության կիրառում է, և Արցախը վերջնականապես կնետի Աֆրիկյան ամենահետամնաց երկրների կույտը՝ վաստակելով դրանց տխրահռչակ վարկն ու համբավը։

Որ «Մենք չգիտենք՝ ինչ անել, բայց դուք ամեն ինչ սխալ եք անում» թեզի հետևորդները չպետք է մոռանան, որ գեներալներն ինչ էլ կառուցեն, ստացվելու է ընդամենը հին կազարմա: Որ զինվորականությունը երբեք չի կարող հրաժարվել «հայրիշխանական»՝ հպատակային կառավարման մոդելներից՝ տեղ չթողնելով մտավոր ընտրախավերի ձևավորման համար, քանի որ հակված է էլիտայի պատվանդանին տեսնել միայն զինվորականությանը։

Որ գեներալների իշխանությունը պատերազմի ու բռնության սցենարներ է ձևավորում, արտաքին և ներքին թշնամու սպասումներ, խաղաղարար, ստեղծարար նպատակների փոխարեն՝ անընդհատ մոբիլիզացիա, անվերջ՝ զորակոչ և ուրեմն՝ վախի ուրվական: Իսկ անխուսափելի պատերազմի մասին հանրահռչակվող թեզը ջլատում է հասարակության էներգիան, կապում ձեռքն ու ոտքը, ամլացնում նրան, որ անվտանգ երկիրը հենց ստեղծարար երկիրն է, երբ սպառազինված է մրցունակ գաղափարներով, կառավարման ժողովրդավար մոդելներով, պաշտպանված է բարեկեցիկ հանրությամբ: Եվ ուրեմն՝ մեծ մոլորություն է, թե ջուխտ գեներալներին՝ Սամվել Բաբայանին կամ Վիտալի Բալասանյանին իշխանությամբ օժտելը կմեծացնի Արցախի անվտանգությունը: Ժողովրդավարությունն ու զինվորական ռեժիմն անհամատեղելի են: Իսկ վատ կրթությամբ մարդիկ ամենամեծ խոչընդոտն են առաջընթացի համար:

Որ զինվորական ռեժիմը մեկընդմիշտ կփոշիացնի Արցախի հայկական ինքնությունը, որովհետև ՀՀ-ն և ԱՀ-ն չեն կարող մեկ հայրենիք լինել, եթե չունեն պետական կառավարման նույն արժեքներն ու փիլիոսափայությունը, հասարակական նույն իդեալները, ազգային նույն տեսիլքը: Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, ի սեր Աստծո, սթափվեք…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր