ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ և ապօրինի ընդերքօգտագործում Ռանչպար գյուղում
20:30, 15.04.2019 | mamul.am
2789 | 0

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ տրամադրված հողատարածքներից 14-ի դեպքում համայնքապետարանում բացակայել են պայմանագրերի կնքման հիմքհանդիսացող փաստաթղթերը: Հայտնաբերվել են պայմանագրեր, որոնք կնքվել են 1 հեկտարի համար սահմանված նվազագույն արժեքից ավելի ցածր գներով, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել 4.5 մլն ՀՀ դրամ: Պարզվել է նաև, որ 2006-2007թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից «Ս...» ՍՊԸ-ն և ֆիզիկական անձ Ա. Ս.-ին վարձակալությամբ տրվել են հատուկ նշանակության հողատարածքներ, որի ընթացքում վարձավճարների չափերի նկատմամբ դրսևորվել է կամայական մոտեցում. նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության տարբեր հողատարածքների վարձակալության պայմանագրով հողի յուրաքանչյուր հեկտարի համար խիստ տարբեր վարձավճարի չափեր են սահմանվել: Արդյունքում 2006-2019թթ. ընթացքում համայնքի բյուջե այդ մասով վճարվել է մոտ 6մլն դրամի չափով պակաս գումար: Բացի այդ, Ռանչպար համայնքի ղեկավարի 03.07.2008թ. որոշումներով, ավազի արդյունահանման նպատակով, նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն վարձակալությամբ տրամադրված հատուկ նշանակության հողատարածքներից 0.5-ական հեկտարի նշանակությունը փոփոխվել է արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ նշանակության: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Արաքս գետի ձախ ափի ավելի քան 3 կմ երկարությամբ տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներում գետավազի արդյունահանման արդյունքում առաջացած տարբեր լայնություններով և ավելի քան 4 մետր խորությամբ հանքախորշերի տեսքով բազմաթիվ փորվածքներ: Դրանց մակերեսները բազմակի անգամ գերազանցել են նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն տրամադրված՝ ընդհանուրը՝ 1 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքների մեկերեսները: 2006-2007թթ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից անցկացվել են առերևույթ ձևական բնույթ կրող աճուրդներ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարի մերձավորը համայնքի տարածքում ձեռք է բերել շուրջ 39 հա հողատարածքներ, որից շուրջ 6 հեկտարը՝ ձկնաբուծության նպատակով, 33 հեկտարը՝ գյուղմթերքների արտադրության նպատակող և 0.3 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով: Վերոգրյալ բոլոր դեպքերում աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-ից 50 տոկոսի չափով: .Պարզվել է նաև, որ Ռանչպար համայնքի ղեկավարի կողմից «Վ...» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 9.36 հա մեկերեսով հողատարածք: Վերջինիս հատակագծի, օրթոլուսանկարների և կադաստրային քարտեզի համադրման արդյունքում պարզվել է, որ ընկերությանը տրամադրված հողատարածքին սահմանակից այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող շուրջ 7.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ենթարկվել են որակական փոփոխությունների և չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև խախտումներ համայնքի կողմից կատարված գնումների գործընթացների, բյուջետային ծախսերի, ինչպես նաև համայնքում բնակվող խիստ կարիքավոր ընտանիքներին համայնքի բյուջեից տրամադրվող սոցիալական հատուկ ծառայությունների վճարների ծախսերի տնօրինման ոլորտներում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Արարատի մարզի Ռանչպար համայնքի տարածքում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, նախագծային շեղումներով և առանց պայմանագրի ընդերքի օգտագործման, ինչպես նաև համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր