ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մեր որոշումը փորձում են պայմանավորել ինչ-որ բարեկամական կապերով». Բաբկեն Թունյան
00:35, 20.04.2019 | mamul.am
2947 | 0

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Հանրայինի եթերում անդրադարձել է վերջին շրջանում աղմուկ հանած ցեմենտի պետտուրքի վերաբերյալ նախագծին:

«Ցեմենտի պետտուրքի թեման ավելի վաղուց է սկսել քննարկվել: Վերջին նախագիծը, որին մենք առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցինք, դա մեր օրակարգ էր մտել շատ ավելի շուտ և այդ առումով կառավարության հետ մեր հանձնաժողովի քննարկումները սկսել են շատ ավելի շուտ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իմ ու իմ գործընկերների անունները ամեն պատեհ ու անպատեհ առիթի հոլովվում են ու փորձում են մեր որոշումը՝ հանձնաժողովի առաջարկը, որ պետտուրքը սահմանվի մեկ տարով և կլինկերի՝ ցեմենտի հումքի վրա տուրք չսահմանվի առայժմ, պայամանվորել անձնական շահերով կամ ինչ-որ բարեկամական կապերով»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ի վերջո մենք Հայաստանում պե՞տք է ունենանք ցեմենտի սեփական արտադրություն, թե՝ ոչ՝ Բաբկեն Թունյանը նշեց. «Եթե քո երկրում մի ինչ-որ ապրանք չափազանց թանկ է նստում արտադրելը, ապա շատ ավելի նպատակահարմար է այդ ապրանքը ներմուծել էժան գնով, քան տեղում արտադրել, որովհետև եթե դու ներքին արտադրողից թանկ գնում ես, ապա ավել փող ես ծախսում, իսկ այդ ավել փողը կարելի է ուրիշ ռեսուրսների վրա ծախսել»:

Նշենք, որ Հայաստանում ցեմենտի արտադրությունը դադարեցնելու դեպքում շատ աշխատատեղեր կփակվեն, դա են վկայում պարբերաբար իրականացվող բողոքի ակցիաները: Անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ Թունյանը նկատեց. «Որևէ մեկը չի ուզում, որ Հայաստանում աշխատատեղեր փակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ եթե աշխատատեղեր փակվեն, դրա արդյունքում կարող է շատ ավելի մեծ թվով աշխատատեղեր բացվեն: Օրինակ, եթե մենք ունենանք էժան ցեմենտ, դրա հետևանքով կարող է ունենանք նաև այնպիսի մեծ ծավալի շինարարություն, կամ այլ ոլորտներում այդ գումարը գնալով այնքան աշխատատեղ ստեղծի, որ գա այդ փակված աշխատատեղերը բացի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր