ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ». այսօր Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է
14:20, 23.04.2019 | mamul.am
2541 | 0

1995-ին` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև` Հայաստանում:

Ապրիլի 23-ը նշանավորվել է համաշխարհային գրականության պատմության մեջ նաև նրանով, որ 1564-ի այս օրն է ծնվել անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրը:

Շեքսպիրը թեև համալսարանական կրթություն չի ստացել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, տիրապետել է հին և նոր լեզուներին, հին հունական և հռոմեական գրականությունից բացի հիանալի իմացել է իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը։ Այդ բոլորը ձեռք է բերել ինքնակրթության միջոցով։

Տեղափոխվելով Լոնդոն` Շեքսպիրը, սկսել է աշխատել թատրոնում որպես հուշարար և դրամատուրգ։ Թատրոնների պատվերով դրամատիկական գործեր է գրել և վերամշակել է հին պիեսները։ Այսպես հիմք է դրվել նրա ստեղծագործական գործունեությանը:

Շեքսպիրի ողբերգություններից առավել հայտնի են` «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Լիր Արքա», «Օթելլո», «Հուլիոս Կեսար» և այլն:

Շեքսպիրի կատակերգությունների հիմնական նյութը սերն է, որ հաղթահարում է ծնողական բռնության, նախանձի և խանդի խոչընդոտները: Գլուխգործոցներից են համարվում` «Տասներկուերորդ գիշեր», «Վենետիկի վաճառականը», «Միջամառնային գիշերվա երազ» կատակերգությունները:

Շեքսպիրի գործերից առաջինը հայկական բեմ է բարձրացել «Ռիչարդ 3րդը», ապա` «Ռոմեո և Ջուլիետը»:

Ուիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրան հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը բնորոշել է այսպես.

«Շեքսպիրը կուռք չի եղել մեզ համար, ոչ էլ լոկ մշակութային երևույթ, այլ կենդանի իրականություն»:

Շեքսպիրի լավագույն մտքերից

* Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել։

* Լռակյացությունը ամենևին անսրտության նշան չէ։ Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ:

* Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում։

* Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել։

* Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը։

* Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը։

* Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե։

* Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով։

* Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը։

* Լավագույնը՝ ուղիղ և պարզ ասված խոսքն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր