ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Տատիս կյանքի ամենասարսափելի դրվագը դաջվել է հիշողությանս մեջ»․ Սյուզաննա Սիմոնյան
13:05, 24.04.2019 | mamul.am
2621 | 0

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եղեռնից մազապուրծ փրկված իմ նախնիների պատմությունից պատառիկներ․ տատս ղարսեցի էր։ Եղեռնի ժամանակ եղել էր 3 տարեկան, բայց լավ հիշում էր իր մանկության դառը պատմությունը։ Նա միշտ պատմում էր այն, երբ ես դեռ շատ փոքր էի, ու ինձ այդ պատմությունը մի չար հեքիաթ էր թվում՝ լի սարսափելի դրվագներով։ Գյումրու որբանոցում մեծացած ղարսեցի տատիս կյանքի ամենասարափելի դրվագը դաջվել է հիշողությանս մեջ ու երբեք չի մոռացվի այնպես, ինչպես նրա հիշողության մեջ էր դաջվել, թե ինչպես թուրքն սպանեց իր հորն իրենց աչքի առջև, ու թե ինչպես ինքն ու մայրը 40 օր, սպանված հոր դիակի հետ միասին, ապրեցին կարտոֆիլի հորում, որ հետագայում կարողանան թուրքի աչքից հեռու թաղել նրան։ Երբ հարցնում էի, թե դո՛ւք ինչո՞ւ պատսպարվեցիք այդ հորում, ասում էր․ «Եթե մեզ գտնեին, մեզ էլ կսպանեին, քանի որ հայրս համարձակվել էր հակադրվել իրենց»։
Հիմա կռահում եմ, որ հավանաբար ձեռք էր բարձրացրել իր վրա հարձակվողների վրա կամ պաշտպանվել էր: Պապիս հայրը մշեցի էր: Գաղթի ժամանակ երեխա էր ու ջրծաղիկով հիվանդ, երբ հասան Արաքսին ու պետք է անցնեին մյուս ափ: Ջրծաղիկով հիվանդին չէր կարելի ջուրը մտցնել, արդյունքում նա կուրացավ: Այս պատմությունը լսելիս միշտ մտքումս հիշում էի՝ «Առաջը՝ ջուր, ետևը՝ սուր»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր